Սույն թվականի հունիսի 8-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ, համագործակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի, Վաղարշապատ համայնքի եկեղեցասեր երիտասարդների համար անցկացրեց «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը:

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը աստվածաշնչյան դասընթաց է, որը նախատեսված է երիտասարդների համար որպես յուրատեսակ մեթոդական ձեռնարկ: Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանն է:

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:

Դասընթացն անցկացվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի քննարկումների համար նախատեսված սրահում։ Բացման խոսքով հանդես եկավ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Դասընթացին մասնակցում էին Էջմիածին քաղաքի տարբեր կառույցներից 15-18 տարեկան երիտասարդներ։ Շնորհիվ իրենց նախնական գիտելիքների՝ երիտասարդները շատ արագ ինտեգրվեցին ինտերակտիվ մեթոդով քննարկմանը և ճանաչողական խաղերին։

Դասընթացի տեխնիկական կողմն ապահովեց մեր երիտասարդներից Մանե Օհանյանը։

Ավարտին «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը հույս հայտնեց, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և շատ ավելի մեծ թվով երիտասարդներ հնարավորություն կունենան մասնակցելու եկեղեցագործմանը նպաստող նման դասընթացների։