ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի Սիեթլ քաղաքի Ս. Հարություն եկեղեցու երիտմիությունը սույն թվականի մայիսի 28-ին անցկացրեց քննարկում «Անհավատարմության հետևանքները» թեմայով։ Ինչպես միշտ, քննարկմանը նախորդեց հերթական շարականի ուսուցումը։
Սիեթլի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ և երիտմիության հոգևոր պատասխանատու Տեր Վազգեն Քհնյ. Բոյաջյանը թեմայի շուրջ իր քարոզխոսության մեջ հիմնվեց աստվածաշնչյան երկու օրինակների վրա, որոնցում ցայտուն կերպով են երևում Տիրոջ ահնդեպ անհավատարմության տխուր հետևանքները։
Առաջինը Սավուղ թագավորի օրինակն է, որը լինելով Տիրոջ օծյալը, փղշտացիների հետ պատերազմում դեմ գնաց Աստծուն՝ չկատարելով նրա հրամանը։ Աստծուն ընդդիմանալու հետևանքը եղավ այն, որ Սուրբ Հոգին հեռացավ նրանից և չարը բուն դրեց նրա սրտում։
Երկրորդ օրինակը Նոր Կտակարանից էր։ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց եւ գումարի մի մասը կնոջ գիտութեամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։ Աստծուն խաբելու արդյունքում երկուսն էլ հանկարծամահ եղան։
Երիտասարդները տեր հոր օգնությամբ աստվածաշնչյան օրինակները պրոյեկտեցին ներկա ժամանակների և իրենց կյանքի վրա։