Սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 17-ին կայացավ Հայաստանում առաջին Զատկական փառատոնը՝ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԿԳՄՍ նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ։
Սուրբ Զատկի տոնը նոր կյանքի խորհրդանիշն է՝ հարության հույսով և սպասումով։ Այն հայ ժողովրդի մշակույթի, ավանդույթների և մինչև իսկ կենցաղի անբաժանելի մասն է կազմում։
Փառատոնը վերածվեց համաժողովրդական տոնախմբության՝ երգ ու պարով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ։ Փառատոնին ելույթ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի մասնաճյուղերի սաները, «Արևային Զանգակներ» խումբը և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները։
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին Հայ Առաքելական Եկեղեցու 5 թեմերի՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արթիկի և Մասյացոտնի երիտասարդների, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի>> և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների զատկական աշխատանքները։ Այս ընտանեկան տոնին այցելուներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու ձեռագործ աշխատանքի վարպետության դասերին։
«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար, ինչպես նաև՝ խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Բոլոր՝ այդ թվում նաև խոցելի խմբի երեխաները, ունեն որակյալ կրթություն ստանալու և հասարակության մեջ լիարժեք ներառված լինելու, հասարակության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունք։ Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը՝ Թեմական-Երիտասարդական կառույցների բաժնի աշխատասիրությամբ, և «Ֆորմիկա Արտ» ընկերությունը:
Տեսանյութերը՝ ստորև․
https://www.youtube.com/shorts/J4JL2c_bBPk
Լուսանկարները՝ Էլեն Ծատուրյանի
Տեսանյութերը՝ Մարիամ Կյուպելյանի