Հունվարի 15-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում էին հյուրընկալվել արցախցի փոքրիկներն ու զոհված հայորդիների ընտանիքների անդամները։ Նախաձեռնությունը կազմակերպվել էր Բելգիայի Լիեժ քաղաքում գործող «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության հետ համագործակցաբար:
Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում ընկած հերոսների հիշատակը։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանն իր օրհնությունն ու ողջույնի խոսքն ուղղեց արցախցի հյուրերին՝ հորդորելով նայել ապագային, դնել նպատակներ և քայլ առ քայլ մոտենալ դրանց։
«Մեսրոպ Մաշտոց» միության նախագահ Լուսինե Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Հայր Թովմային և ՀԵՀԵՄ թիմին՝ նախաձեռնության առաջարկին ընդառաջելու և ջերմ ընդունելության համար։ Նա նաև հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական կլինի։
Տեղում ՀԵՀԵՄ անդամ Եսթեր Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց անվճար հիմունքներով երեխաներին նկարչություն դասավանդել։ Փոքրիկներից շատերը անմիջապես գրանցվեցին դասընթացին։
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Հայր Սուրբի հետ հոգևոր զրույցից հետո ՀԵՀԵՄ անդամները հյուրերին նվերներ բաժանեցին։