Դեկտեմբերի 19-ին ՆՈՒՌ երիտասարդական միությունում տեղի ունեցավ ամանորյա Աստվածաշնչյան թեմաներով վիկտորինա։ Ինտելեկտուալ մրցույթն անցկացվեց չորս թիմերի միջեւ։ Մասնակիցները պետք է ցուցադրեին իրենց գիտելիքները Հին և Նոր Կտակարաններից, ինչպես նաև հնագիտությունից։
Մինչ միջոցառման մեկնարկը, վիկտորինայի մասնակիցներին իր օրհնությունը փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի երիտասարդների հոգևոր տեսուչ Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը։ «Ուրախալի է տեսնել, որ մեր դժվարին ժամանակներում Սուրբ Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացնում երիտասարդների մոտ, ովքեր կարդում են Աստվածաշունչը, իրենց հարցերն են տալիս հոգևորականներին և բացահայտում սուրբ գրքերի հոգևոր հարստությունը։ Թող Աստվածաշնչյան վիկտորինան օգնի ձեզ բոլորիդ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», — ասաց Տեր Մուշեն:
Միջոցառումը վարում էր «ՆՈՒՌ» երիտասարդական միության ատենապետ, կիսասարկավագ Վարդան Պողոսյանը։
Երկու ժամ շարունակ թիմերն ամեն ջանք գործադրեցին հաղթանակի հասնելու համար։ Ձայների հաշվարկից հետո պարզվեց, որ նույնքան միավոր են վաստակել «Սիոն» և «Ճանապարհ» թիմերը։ Վերջնական արդյունքները հաստատելու համար վիկտորինայի վարողը մասնակիցներին առաջարկեց մի շարք լրացուցիչ հարցեր:
«Սիոն» թիմը ճանաչվեց 2021 թվականի Աստվածաշնչյան վիկտորինայի հաղթող։ Միջոցառման ավարտին հաղթող թիմի բոլոր անդամները ստացան մրցանակներ։
Աստվածաշնչյան վիկտորինայի հաջորդ փուլը տեղի կունենա 2022 թվականի ապրիլին։