• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

5-րդ Ավետարանն էլ մենք ենք՝ մեր վկայությունը․ Հայր Թովմա

Չորս Ավետարանիչների տոնը Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրն է: Այդ առթիվ հոկտեմբերի 16-ին Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց Մայր Աթոռի միաբան, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակի տնօրեն, հոգևոր տեսուչ Տ. Թովմա վարդապետ ԽաչատրյանըՀԵՀԵՄԿԳ անձնակազմը և անդամ երիտասարդները ևս ուխտավորաբար մասնակցեցին Պատարագին։

-4 ավետարանիչների տոնն է այսօր, որոնք, ինչպես Զաքարիա մարգարեն է բնորոշում, 4 հողմերի պես ողջ Ավետարանի պատգամը տարածեցին աշխարհի 4 ծագերով մեկ։ Անցել է ավելի քան երկու հազար տարի, բայց Աստծո խոսքի քարոզչությունը չի դադարում և չի դադարելու մինչև Տիրոջ Երկրորդ Գալուստը, — իր քարոզխոսության մեջ նշեց պատարագիչ քահանան,- Աստծո խոսքի տարածումն ինքնանպատակ չէ, այն մեր հավատքի վկայությունն է։ Աստծո խոսքով է, որ ապրում ենք և Աստծո խոսքի զորությամբ է, որ ընդհանրապես գոյություն ունենք իբրև քրիստոնյաներ։ Եթե թագավորները տիրում էին հրով և սրով, մեր Տերը՝ խաղաղության իշխանը, խոսքով քարոզեց և միլիարդավոր մարդկանց սրտեր գերեց և գերելու է մինչև իր Երկրորդ Գալուստը։

Հայր սուրբը կարևորեց Աստծո խոսքի ընթերցանությունը։ Նա ցավով նկատեց, որ շատերի տներում որպես զարդ է պահվում Սուրբ Գիրքը,  և նրա վրա հաստ փոշեկույտ է նստած, մինչդեռ Աստծո խոսքը  պետք է ընթերցել, քարոզել և ապրել այդ խոսքի համաձայն։

-4 ավետարան կա, գիտենք, բայց  հիգերորդն էլ կա, որ մենք ենք՝ բոլորս, մեր վկայությունը, որ ամեն օր մեր կյանքում պետք է կենսագործենք, — նկատեց Հայր Թովման։

Իր հերթին Մասյացոտն Թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց հայր սուրբին՝ Պատարագ մատուցելու համար, ինչպես նաև բոլոր ուխտավորներին այդ տոնական օրվա ուրախությունն իրենց հետ կիսելու և դրան մասնակից լինելու համար։

Սբ․ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տոնական համերգով հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը։ Նրանց երգ ու պարին միացան նաև ՀԵՀԵՄ-ական երիտասարդները, ինչպես նաև ուխտավոր այլ խմբեր։

Yandex.Metrica