• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Աղոթում եմ, որ մեր ազգը վերագտնի իր նախնյաց ոգին․ Անդրանիկ դպիր Մարգարյան

(հարցազրույց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սան Անդրանիկ դպիր Մարգարյանի հետ)

 

-Ինչպե՞ս որոշեցիք ուսանել հենց հոգևոր հաստատությունում։ Ո՞վ կամ ի՞նչը խթան հանդիսացավ։

-Դեռ մանկուց հետաքրքրված էի հոգևոր կյանքով։ Շատ էի մասնակցում եկեղեցական արարողություններին, բայց այդ ժամանակ դեռ չէի ծառայում եկեղեցում։ Եկեղեցում սկսել եմ ծառայել 15 տարեկանից։ Երբ սկսեցի ծառայել եկեղեցում, ակտիվ կերպով ուսումնասիրում էի այն ամենը, ինչը վերաբերում էր հոգևոր կյանքին։ Իմ կյանքում սկսվեց բացահայտումների շրջան, որում շատ օգնեց համայնքիս հովիվը։ Շարունակաբար իմ մեջ ծնվում էին նոր հարցեր, որոնց պատասխանների  փնտրտուքն ինձ բերեց Ճեմարան։

-Ինչպիսի՞ արձագանք եղավ ընտանիքի, ընկերների կողմից, երբ հայտնեցիք Ձեր այդ որոշման մասին։

-Թե՛ ընտանիքիս անդամները , թե՛ ընկերներս շատ լավ արձագանքեցին որոշմանս, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ  ես իմ անձը ընծայում եմ  մայր եկեղեցուն։ Այսօր առավել ևս բոլորն ինձ աջակցում են, քանի որ այսօր հատկապես նկատելի են հոգևոր ոլորտում առկա խնդիրները՝ թե՛ հասարակական, թե՛ անձնային մակարդակում, որոնք ունեն լուծումների կարիք։

 -Դպիր լինելը չի՞ սահմանափակվում երիտասարդի առօրյան, խորանի առաջ ծառայելը ազատ ժամանցին չի՞ խոչընդոտում։

-Դպրությունը և, առհասարակ, խորանի վրա Տիրոջը սպասավորելը զոհաբերություն է: Մենք ճեմարան գալով՝ առաջին քայլն արդեն իսկ անում ենք. աշխարհի համար կամավորաբար հրաժարվում ենք աշխարհից: Հետևաբար առօրյան շաղկապվում է եկեղեցու հետ: Անշուշտ, այդ ամենով հանդերձ մենք աշխարհի մեջ ենք և կան բոլոր հնարավորություններն առօրյան ճիշտ և հագեցած կազմակերպելու։ Եկեղեցում սպասավորելը պարզապես օգնում է ավելի խելամիտ լինել առօրյայում: Մենք մարդ ենք և ունենք այն կարիքները, ինչ-որ ունի յուրաքանչյուր մարդ: Խոսքը թե՛ ընկերների հետ ժամանակ անցկացնելու, թե՛ ընտանիքի հետ լինելու, թե՛ առանձնության պահեր ունենալու մասին է: Օրվա ժամային հագեցվածության հետ մեկտեղ մեզ նույնպես անհրաժեշտ է սեր ստանալ շրջապատից, որպեսզի կարողանանք սեր փոխանցել:

 -Ինչպե՞ս չհուսահատվել մեր օրերում ու քայլել առաջ, քայլել դեպի Աստված։

-Սուրբ Գիրքը և եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս աղոթել, շատ աղոթել՝ և՛ ուրախության, և՛ դժվարության պահին միշտ հիշել Տիրոջն ու շնորհակալություն հայտնել: «Արթուն եղեք և աղոթք արեք» և «մի՛ վախեցեք». սա է սուրբգրային չհուսահատվելու բանաձևը:Եթե ուզում ենք, որ ամեն բան լավ լինի, ուրեմն պետք է պայքարենք, տքնենք, աշխատենք, չվախենանք, և այս ամենը համեմենք աղոթքով: Սա է մեր երազած «հարության» ճանապարհը:

 -Ի՞նչ կցանկանայիք 2023֊ի համար, ի՞նչ է պակասում մեզ։

-Անցնող 2022-ը եղավ վերստին ծանր և կորուստներով լի տարի: Դեռ մեր ժողովրդի չսպիացած վերքերը չլավացած՝ բացվեց նոր վերք՝ սեպտեմբերյան պատերազմը, որը խլեց մեզնից շատ քաջորդիների կյանքեր: Սրանք ցավ են, ազգային ցավ, որը պետք է հաղթահարենք։

Մեզնից պահանջվում է մի քանի բան. նախ և առաջ աղոթքը և աշխատանքը պետք է միախառնենք, սակայն այս ամենը զուր կլինի, եթե չլինի միաբանություն: Սուրբ Եղիշեն ասում է. «Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»:

Աղոթում եմ, որ մեր ազգը լուսավորվի, պայծառանա և վերագտնի իր նախնյաց ոգին, որը աշխարհային թոհուբոհի մեջ ոտատակ է եղել:

Շնորհավոր 2023 թվական:

Նանե Պետրոսյան
Նանե Պետրոսյան
հարցազրուցավար