Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենի կյանքում զգալի ներդրում ունեցած երիտասարդների հետ։ Ս․ Սարգսի տոնի առիթով ավանդաբար կազմակերպվող այս հանդիպումը նախաձեռնել էր ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը։
Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ մասնավորապես կարևորելով կապը Եկեղեցու և երիտասարդության միջև:
Այնուհետև հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ջանադիր և հետևողական աշխատանքով կերտված այն հաղթանակներն ու հաջողությունները, որ երիտասարդներն արձանագրել են իրենց անձնական կյանքում, տարբեր ոլորտներում և միջազգային հարթակներում՝ բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու բարի համբավը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հաջողությունները քրտնաջան աշխատանքի և բարձր գիտակցության արդյունք են։ Նա վստահություն հայտնեց, որ նման ոգով առաջնորդվող երիտասարդները կարող են կերտել լուսավոր ապագա և հայրենի երկրի համար ապահովել առաջընթաց ու բարգավաճում։
Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը բերեց ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակին՝ շնորհալի երիտասարդներին համախմբելու, միմյանց ծանոթացնելու և Հայ Եկեղեցու առաքելությանը հաղորդ դարձնելու համար։
Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց երիտասարդների տարբեր հարցերին։ Անդրադարձ կատարելով հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը և երկրում տեղ գտնող զարգացումներին։ Հայրենիքը ստեղծված ցավալի ու ծանր իրավիճակից դուրս բերելու և առկա մարտահրավերներն ու դժվարությունները հաղթահարելու գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ հայորդիները դրսևորեն հայ ժողովրդին բնորոշ արիություն՝ խոհեմությամբ և իմաստությամբ ի գործ դնելով բոլոր ճիգերը։ Նորին Սրբությունը ընդգծեց, որ այսօր ազգի անխտիր յուրաքանչյուր զավակի ջանքն ու ներդրումն է ակնկալվում՝ դուրս բերելու հայրենիքը այս ծանր փորձությունից։
Խոսվեց նաև ազգային կյանքին առնչվող զանազան խնդիրների, ինչպես նաև Եկեղեցու առաքելության իրականացման գործում տեղեկատվական միջոցների առավել արդյունավետ գործածման կարևորության մասին։
Կոմիտասի «Հորովել» ժողովրդական երգի կատարումով երիտասարդները մխիթարություն պարգևեցին Հայոց Հովվապետին։
Վերջում Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար՝ հորդորելով երիտասարդներին իրենց աշխատասիրությամբ ու գիտելիքներով նորանոր հաջողություններ արձանագրել՝ ի փառս և ի բարօրություն հայ ժողովրդի և հայրենի երկրի։