Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն էր և այսուհետ արդեն ՀԵՀԵՄ Գրադարանի բացման օրը, ինչը հնարավոր դարձավ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Հայաստանի Ազգային Գրադարանի նվիրատվության շնորհիվ:
Գրադարանի հանդիսավոր բացմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը իր խոսքում նկատեցէ որքան էլ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանան, միևնույն է, սեղանի գիրքը և մարդը իրենց անփոխարինելի տեղում կլինեն:
Մատենադարանը ՀԵՀԵՄ Գրադարանը հարստացրեց Մայր Աթոռի հրատարակած գրքերով, իսկ Ազգային Գրադարանը գրքերի ցանկը կազմելիս հաշվի էր առել ՀԵՀԵՄ-ական երիտասարդների հետաքրքրությունները և նախասիրությունները:
Ինչպես նկատեց Մայր Աթոռի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը, ՀԵՀԵՄ գրադարանի բացման տարին խորհրդանշական է, որովհետև 250 տարի առաջ Սիմոն Երևանցու ջանքերով Մայր Աթոռում հիմնվեց Կովկասում առաջին տպարանը, որը մինչ օրս գործում է, և հենց այդ տպարանում հրատարակված գրքերն են, որ նվիրատվություն են արվում ՀԵՀԵՄ գրադարանին:
Իր հերթին Ազգային Գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը կարևորեց հայ երիտասարդներին քրիստոնեական ոգով կրթելը և հույս հայտնեց, որ այս նվիրատվությունը և համագործակցությունը ՀԵՀԵՄ-ի հետ շարունակական բնույթ կկրի:
Թե՛ Մայր Աթոռի Մատենադարանի, թե՛ Ազգային Գրադարանի կողմից նվիրված գրքերը ներառված են նաև էլեկտրոնային շտեմարաններում, և երիտասարդները կարող են դրանց էլեկտրոնային տարբերակներն էլ փնտրել համացանցում:
-ՀԵՀԵՄ Գրադարանը նախ և առաջ մեր անդամների և կամավորների համար է, բայց մեր դռները բաց են նաև բոլոր երիտասարդների համար: Այստեղ շատ են լինում տարբեր բուհերից ուսանողներ, որոնք մասնակցում են մեր հոգևոր զրույցներին, դասընթացներին, թրեյնինգներին, այնպես որ գրադարանի դռները բաց են ոչ միայն 15-ից 35 տարեկան ցանկացած երիտասարդի առաջ, այլև նրանց, ովքեր իրենց հոգով երիտասարդ են իրենց համարում, կարող են նպաստել երիտասարդական կամավորական աշխատանքի զարգացմանը և երիտասարդներին կապել մեր եկեղեցուն ու պատմությանը- ասաց ՀԵՀԵՄ Հասարակական կառույցների գխով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը:
Շատ շուտով երիտասարդները հենց մայրաքաղաքի սրտում՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի երկրորդ հարկում, ոչ ֆորմալ հարմարավետ միջավայրում կարող են իրենց նվիրել ընթերցանությանը և իրենց համար բացահայտել նոր իրականություններ: