• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Չափից ավելի մարդասիրություն. Հեռավար քննարկում

Չափից ավելի մարդասիրություն: Այս թեմայով երիտասարդների հետ հեռավար հանդիպմանը նախընտրեց խոսել Մարսել քաղաքի Սրբոց թարգմանչաց Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ղազարյանը: Հանդիպման նախաձեռնողը դարձյալ ՀԵՀԵՆ ԿԳ-ն էր:

Տեր հայրը հիշեց «Գործք Առաքելոց»-ի դրվագներից մեկը, երբ Պողոս առաքյալն իր խմբով նավաբեկությունից հետո ընկնում է բարբարոս ժողովրդի ձեռքը: Սուրբ Գիրքն ասում է, որ այդ ժողովուրդը տաքացրեց և չափից ավելի մարդասիրություն դրսևորեց նրանց հանդեպ:

-Մենք ինչ-որ բան եթե անում ենք, անում ենք սեփական փրկության համար, — ասաց տեր Արամը՝ հիմնական հղումն ու շեշտադրումն անելով «Բարի Սամարացին» առակի վրա:

-Հումանիզմի հիմքերը մենք պետք է փնտրենք այդ  առակի մեջ,- համոզմունք հայտնեց նա: Տեր հոր դիտարկմամբ՝ միջազգային շատ կազմակերպություններ՝ կաթոլիկ, բողոքական, հենված են այս առակից բխող առաքելության վրա: Օրինակ՝ «Կարմի Խաչ» կազմակերպությունն էլ է իր գործունեության հիմքում այս առակի գաղափարախոսությունը դրել՝ օգնել մարդուն՝ անկախ նրա գույնից, ազգությունից և դավանանքից: Եվ կարմիր խաչն էլ Քրիստոսի հաղթական խաչն է:

Միաժամանակ տեր Արամը ընդգծեց, որ չափից ավելի մարդասիրություն ամենևին չի նշանակում, որ մեկն անընդհատ տվողի, իսկ մյուսը վերցնողի դերում պետք է լինի:

-Մենք դեռ մոր որովայնից սովոր ենք վերցնել. մայրն իր երեխային ծնվելուն պես կուրծք է տալիս: Մենք որպես վերցնող ենք գալիս աշխարհ, մեր «էգո»-ն այդպես է ձևավորվում: Այդպես մենք վարժվում ենք սպառելուն, բայց մենք՝ քրիստոնյաներս պիտի հանդես գանք որպես տվող, ոչ թե սպառող, — իր խոսքը թեմայի շրջանակներում ամփոփեց տեր հայրը:

Yandex.Metrica