(Պատմվածք)
Երբ դեռահաս էի, ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ կրկնի ծնողներիս սխալները: Ինձ թվում էր, որ նրանք ինձ չեն հասկանում, չեն ընդունում այնպիսին, ինչպիսին ես կամ, և ընդհանրապես` նրանք դինոզավրեր են, որոնք խրված են իրենց նախնադարյան հասարակարգում:
Ո՛չ, իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Բայց ես շատ բաներից էի վիրավորվում: Նույնիսկ արդեն որպես ամուսնացած կին, ես կարող էի հիշեցնել նրանց ինչ-որ մի բան, որը «փչացրել էր իմ կյանքը»: Ես դժվար դեռահաս էի և դժվար հասուն դուստր: Որոշ բաների հետ կարողացա համակերպվել միայն այն ժամանակ, երբ ծնողներս արդեն չկային: Եվ դա սարսափելի է․ երբ արդեն ուշ է, միայն լավ բաներն են հիշվում:
— Իմ երեխաների հետ երբեք այդպես չի լինի,- երդվեցի ես:
Անցան տարիներ: Եվ հիմա ես սարսափով եմ հասկանում, որ անում եմ նույնը, ինչը չէի ընդունում իմ ծնողների մոտ: Նույնիսկ՝ ավելի վատ… Ես կարծես բոլորից վերցրել եմ այն, ինչը ինձ ամենաշատը դուր չէր գալիս: Եվ միայն հետո եմ հասկանում, որ դա արդեն մեկ անգամ պատահել է:
Ժամանակին ես լաց էի լինում ինչ-որ բառերի համար վիրավորանքից: Բայց, չգիտես ինչու, հիմա ես դրանք կրկնում եմ իմ դուստրերին: Եվ ավելի ուշ ինձ բռնացնում նույն բանի մեջ․ ամեն ինչ արդեն ասված է:
Ես նեղանում էի մորիցս, երբ նա ինչ-որ բան հիմարություն էր համարում, իսկ ինձ համար դա շատ կարևոր էր:
— Այդ ամենը հիմարություն է, — ասում եմ իմ դուստրերին: Եվ ավելի ուշ ամեն ինչ գիտակցում:
Ես լաց էի լինում, երբ հայրս, զգացմունքային և կոշտ մարդ լինելով, երբեմն կոպիտ էր արտահայտվում: Եվ հիմա ես ինքս կարող եմ լինել զգացմունքային, կոշտ ու կոպիտ: Իսկ և իսկ նույնը:
Ես բողոքներս հայտնեցի ծնողներիս և չհասկացա, թե ինչու մայրս լաց եղավ, իսկ հայրս ներամփոփվեց ինքն իր մեջ և սկսեց չխոսել ինձ հետ․ «Նրանք ոչինչ չեն հասկանում …»:
Եվ հիմա, ժամանակ առ ժամանակ, ես իմ դեռահաս դուստրերից լսում եմ այն, ինչ ինքս եմ ասել մայրիկիս և հայրիկիս.
«Դու ինձ չես հասկանում…»,
«Էդ ձեր ժամանակ էր, որ…»,
«Ի՞նչ ես ուզում, դու ինքդ ես ինձ այդպես դաստիարակել …»:
«Առաջ էր պետք ինձ հետ սրտանց խոսել …»,
«Արի հետո խոսենք, հա՞ …»:
Եվ ես լաց եմ լինում, ինչպես մայրս էր լաց լինում, և փակվում եմ, ինչպես հայրս: Որովհետև շատ ցավոտ է:
Այժմ ես ավելի քան երբևէ հասկանում եմ ծնողներիս: Եվ որ ինքս հաճախ ճիշտ չեմ, գիտեմ: Վստահ եմ, որ նրանք ևս գիտեին, թե երբ էին սխալ: Բայց հարցն այն է, որ և՛ նրանք՝ նախկինում, և՛ ես՝ հիմա, ցանկանում էինք, որ ամեն ինչ առավելագույնս լավ լինի…
Եվ որ ամենակարևորն է՝ հավանաբար այդպես կլինի նաև իմ թոռների դեպքում: Սա ասես ինչ-որ հավերժական պատնեշ է:
Եվ ինձ համար մեկ էր արդեն։
Օ, այդ դաժան իրականությունը: Պատանեկության տարիներին ես սև էի հագնում, մի ականջիս վեց անցք ունեի, մյուսին՝ երեք, և մեկը՝ քթիս: Շղթաներով ու հսկայական խաչերով: Եվ վիրավորվում էի ծնողներիցս, երբ նրանք ասում էին, որ դա տգեղ է: Եվ իսկապես տգեղ էր: Ես հիմա եմ դա հասկանում։ Բայց այն ժամանակ ես վստահ էի, որ ես նորաձև և թույն տեսք ունեմ:
Եվ հետո ինձ համար մեկ էր, թե նրանք ինչ կասեն: Դա իմ կյանքն էր: Եվ ես ամեն ինչ նրանց ուզածի հակառակն էի անում: Իմ բազմազավակությունը և որևէ կարիերայի բացակայությունը ամենևին այն չէր, ինչ նրանք սպասում էին ինձանից:
«Ես կընդունեմ իմ դուստրերին այնպիսին, ինչպիսին նրանք կան», — ինքս ինձ ասացի:
Ինչ -որ բան ինձ իսկապես հաջողվեց: Չնայած իմ սկզբնական շոկին և սարսափին՝ ես բավականին հեշտությամբ ընդունեցի այն լուրը, որ մեր կրտսեր դուստր Մաշան Դաունի համախտանիշ ունի: Եվ ես հպարտորեն ասում էի բոլորին, որ ինչ -որ բան ընդունելն ու դրան համակերպվելը հաջողության 90% -ն է և երջանիկ կյանքի գրավականը:
Բայց պարզվեց, որ ես դա ընդունեցի հավանաբար այն պատճառով, որ ոչինչ փոխել չէի կարող: Իսկ երբ քեզ թվում է, թե կարող ես, բայց միևնույն ժամանակ չես կարող, դա արդեն բոլորովին այլ պատմություն է:
Եվ հիմա ես չեմ հաշտվում անգամ մանրուքների հետ: Օբյեկտիվորեն հասկանում եմ, որ դա բացարձակ անհեթեթություն է, բայց չեմ կարողանում։ Մի քանի օր է, ինչ ես չեմ կարողանում հաշտվել և ընդունել այն փաստը, որ մեր ավագ դուստրը՝ Վարյան, որը 16 տարեկան է, շատ կարճ կտրեց մազերը: Ծիծաղելի՞ է։ Չեք հավատա, բայց ինձ համար էլ է ծիծաղելի, բայց և՝ տխուր․«Այդ ձեր սերունդն էր։ Մենք ուրիշ ենք»։
Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կտրել շքեղ, գոտկատեղից ներքև իջնող երկար մազերը:
Ամբողջ մանկությունս տղայի պես կարճ խուզած գլխով էի ման գալիս, բայց երազում էի հյուսքի մասին: Եվ նեղանում էի ծնողներիցս:
«Մա՛մ, ես պարզապես ուզում եմ թույն տեսք ունենալ», — ասում է Վարվառան:
— Դու հրաշալի տեսք ունեիր հյուսքով:
— Դա քեզ համար էր հրաշալի:
Մի տեսակ դեժավյու է: Ես փորձում եմ լռել, բայց գիշերներով լաց եմ լինում Վարյայի հյուսքերի համար և չեմ հասկանում:
— Մա՛մ, պարզապես ձեր սերունդն էր այդպիսին: Մերն ուրիշ է, — ասում է աղջիկս:
-Պարզապես ձեր սերունդն էր այդպիսին: Մերն ուրիշ է», — ասում էի մորս:
-Դինոզավրեր, — ավելացնում էի ինքս ինձ:
Թե ինչ է ավելացնում Վարյան ինքն իրեն, ես չգիտեմ: Բայց հիմա ես ինձ նույն դինոզավրն եմ զգում, որը խրված է իր նախնադարում:
-Մենք գեղեցկության մասին տարբեր պատկերացումներ ունենք, — ասում էի ես ծնողներիս՝ ականջիս վեց ականջօղերը շխշխկացնելով:
-Մենք գեղեցկության մասին տարբեր պատկերացումներ ունենք, — ասում է ինձ Վարյան՝ հայելու մեջ հիանալով ինքն իրենով:
Սերունդների վազքը՝ արատավոր շրջանակում:
Ես հասկանում եմ, որ դա անլուրջ է: Որ մազերով ոչինչ չի որոշվում: Աղջիկս արդեն չափահաս մարդ է: Կարող է ինքնուրույն որոշել: Բայց խոսքը միայն մազերի մասին չէ: Սա ընդամենը մեկ օրինակ է:
Խոսքը դաժան իրողության մասին է: Եվ առջևում դեռ նման շատ այլ բաներ են սպասվում․
-Մա՛մ, դու պարզապես չես հասկանում․․․
Ինչպե՞ս հաշտվել սրա հետ և հնարավո՞ր է արդյոք: Հնարավո՞ր է մինչև վերջ հասկանալ սեփական երեխաներին: Ես դեռևս պարտվում եմ: Պարտվում եմ ինքս ինձ, ով մի ժամանակ երդվել էր, որ ամեն ինչ իր մոտ այլ է լինելու։
Եվ իմ երեխաները, ինչպես ես, ամենայն հավանականությամբ, իրենց խոստովանահորը նույն բանն են խոստովանելու օրերից մի օր։
Նյութի աղբյուր՝ https://www.pravmir.ru/
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի