• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Մենք ներկան ենք, ոչ թե ապագան». երիտմոտիվատորները

«Երիտմոտիվացիա․ մտքի տրանսֆորմացիա». հենց այսպես է կոչվում հօգուտ երիտասարդի իրազեկման ու առաջխաղացման դասընթացը, որն անցկացվեց ՀԵՀԵՄ ԿԳ-ում և որը, որպես կրթական ծրագիր, հեղինակային է և շարունակական է լինելու: Այստեղ երիտասարդը լոկ ունկնդիր չէ , այլև՝ գործող դերակատար։

ՀԵՀԵՄ-ական երիտասարդներ Սևակ Պապոյանը, Գոհար Աբրոյանը և Մանե Օհանյանը Հասարակական կապերի բաժնից են և այս միջոցառման գլխավոր մոտիվատորներն էին:

Երիտասարդներն իրենց բաժնի ղեկավարի՝ Անգելինա Ալեքսանյանի հետ միասին ներկայացրեցին  դասընթացը: Այն ինտերակտիվ էր և բացահայտեց այնպիսի հետաքրքիր մանրամասներ, որոնք հնարավոր չէ գտնել նույնիսկ Գուգլում: ՀԵՀԵՄ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչ է երիտասարդական աշխատանքը, ովքեր են այդ աշխատանքն իրականացնողները, և ինչպես մոտիվացվել և ուղիներ փնտրել տարբեր երիտասարդական հիմնախնդիրներ լուծելու համար:

Անդրադառնալով հատկապես վերջինին՝ նշվեց, որ այստեղ ինֆորմացիոն հոսքերն անկառավարելի են, ուստիև, չմանիպուլացվելու համար երիտասարդները պետք է ամեն օր զարգանան, լինեն ողջամիտ և ունենան քննադատական մտածելակերպ: Ըստ նրա՝ երիտասարդական աշխատանքը պետք է ապահովի երիտասարդի անձնական և սոցիալական զարգացումը:

Իսկ ի՞նչ է երիտասարդական աշխատանքն ինքնին: Դա ոչ թե այն աշխատանքն է, որն ուղղակի կատարում է երիտասարդը, այլ մշակված կրթական ծրագիր է՝ երիտասարդների կամավոր մասնակցությամբ: Այս գործընթացն իրականացվում է երիտասարդական կազմակերպությունների կողմից և հիմնականում լրացնում է այն բացը, որն առկա է ակադեմիական կրթության ոլորտում: Երիտասարդական աշխատողը, ի դեպ, ծրագիրն անցնելուց հետո որակավորվում է որպես այդպիսին:

 

Վերջինս ընդգծեց, որ երիտասարդները պիտի սովորեն իրենց իմացածն ուսուցանել այլոց, և խոսքը փոխանցեց երիտմոտիվատորներին: Նրանք կիսվեցին իրենց անցած ոչ շատ երկար, բայց օգտակար կյանքի փորձով և այդպիսով ոգևորեցին նաև մյուս ՀԵՀԵՄ-ականներին: Բոլոր երիտմոտիվատորներն իրենց համար ընտրել էին մեկ ընդհանուր կարգախոս՝ «Մենք ներկան ենք»՝ հակադարձելով տարածված տեսակետին, թե երիտասարդները մեր ապագան են:

 

Առաջին երիտմոտիվատորը Սևակն էր: Նա ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսի ուսանող է և մի շարք միջազգային բժշկական ասոցիացիաների անդամ: Սևակը  ներկայացրեց  ուսումնառության տարիներին իր առջև ծառացած ուսման վարձավճարի հետ կապված խնդիրները: Նա կիսվեց մի շարք գաղտնիքներով, որոնք հայտնաբերել էր իր փորձառության շնորհիվ, սակայն չի զլանում այդ ռեսուրսների մասին կիսվել ինչպես ՀԵՀԵՄ-ականների, այնպես էլ այլոց հետ: «Շուրջ 50 հոգի, հետևելով իմ խորհրդին, կարողացել են լուծել իրենց այս խնդիրը: Սակայն դրան արժանանալու համար ամեն օր քեզ ավելի լավը պիտի դարձնես: Միայն այդպես կարող ես հասնել մեծ արդյունքների»,- նշեց Սևակը:

Հաջորդ մոտիվատորը Գոհարն էր: Մասնագիտությամբ լրագրող է և շատ է կարևորում մեդիայի դերը՝ որպես ոչ ֆորմալ կրթության հարթակ: Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է, որտեղ 2020թ. համավարակի օրերին ստեղծել է «Կերտելով մեր երազանքների սերունդը» երիտասարդական նախաձեռնությունը: «Նպատակը մեկն է՝ կարողանալ փոխանցել կուտակածս գիտելիքներն ու փորձը այլոց, քանի որ Հայաստանի հանրապետությանը խելացի, կրթված և զարգացած անհատներ են անհրաժեշտ»,- եզրափակեց Գոհարը:

Մանեն այս տարի ավարտում է «ԱՅԲ» դպրոցը, որտեղ ընդունվելն իր համար հեշտ չի եղել: Չնայած որ ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասցրել է հասկանալ՝ կյանքը վայրիվերումներով ընթացող ճանապարհ է. «Մինչև չընկնես, չես կարող հասկանալ բարձրանալու հաճույքը»,- նշում է նա: Մանեն համոզված է, որ յուրաքանչյուրս կարող ենք փոխել աշխարհը մեր փոքրիկ ներդրումներով: Նա շատ ուրախ է, որ Հայաստանում զարգանում է էկոմշակույթը, և ինքն էլ իր օրինակով նպաստում է դրան:

 

Տիգրանուհի Մարգարյան

ՀԵՀԵՄ անդամ

Yandex.Metrica