• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Ֆրեսկո». մամուլի ասուլիս

Օգոստոսի 27-ին Սուրբ Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների տարածքում՝ ՀԵՀԵՄ ԿԳ-ի դիմաց, տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչների  կողմից հրավիրված մամուլի ասուլիսը:

Ասուլիսին ներկա էին  «Ֆրեսկո»  փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը,  փառատոնին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ,  ՀԵՀԵՄ ԿԳ  հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ  Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը , ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ  Խզմալյանը և Հայաստանի պարի պետական անսամբլի   ղեկավար Էրիկ Չանչուրյանը:

Փառատոնի բացումը տեղի էր ունեցել  օգոստոսի 22-ին՝Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Համավարակով պայմանավորված, փառատոնի մասնակիցները հեռավար են իրենց խոսքը և ստեղծագործ միտքը փոխանցել  հանդիսատեսին:

Այս տարի  փառատոնը  ունեցել է հայտագրված  3000 ֆիլմ՝ 85 երկրներից, որոնցից  ցուցադրվելու է  63-ը՝ 23 երկրից:

Օգոստոսի 28-ից կմեկնարկեն  համերգային ծրագրերը, որոնցից  հետո և ընթացքում  կրկին  կշարունակվի ֆիլմերի  ցուցադրություն-քննարկումները:

ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, իր խոսքում կարևորեց փառատոնի  գոյությունը.

«Փառատոնը այս տարիների ընթացքում  ապացուցել է , որ  կրոնական ճշմարիտ, հոգևոր աշխարհընկալումը չունի հակասություն  աշխարհիկ ընկալման հետ.  երկուսի հիմքում էլ մարդն է ու նրա բարձրագույն արժեքը…», — ասաց   Արայիկ Խզմալյանը:

Հայր Թովման, իր խոսքում նախ անդրադարձավ կրոն բառի ստուգաբանությանը, ապա փառատոնի կազմակերպիչներին և աջակիցներին  փոխանցեց  Վեհափառ Հայրապետի ողջույնի և գնահատանքի խոսքերը:

«Կրոն նշանակում է վերամիավորում և կրոնի հիմնական առաքելություններից մեկը վերամիավորումն է:  Այս առումով ֆրեսկոն  վերամիավորում է, հոգևոր, կրոնական մշակույթը , այն  դարձնում է ոչ միայն տեղական, ազգային արժեք , այլ ընդլայնվում է ու իր մեջ ներառում միջազգային հանրույթը»,- ասաց Հայր Սուրբը:

Հիշեցնենք,  որ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ից,  մեկնարկում է համերգային ծրագիրը, որի ժամանակ համերգային ծրագրով հանդես կգա   Հայաստանի պարի պետական անսամբլը: Համերգին կհաջորդի ֆիլմերի
դիտում-քննարկումներ:

 

Yandex.Metrica