Հարցերին պատասխանում է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց Միության խորհրդի անդամ Գայանե Բայաթյանը

 

 

 

 

 

 

 

 

— Ի՞նչն է քեզ կապում եկեղեցու հետ։

 — Եկեղեցու հետ ինձ կապողն այն զգացումն է, որ ես գտնվում եմ Աստծո տանը։

— Սուրբ Գրքի ընթերցանությանը ժամանակ տրամադրու՞մ ես։

 — Այո, բայց ժամանակ առ ժամանակ խախտվում է կյանքի ռիթմը, և ընթերցումը, ցավոք, մղվում է վերջին պլան։

— Ովքե՞ր են ձեր թեմի երիտասարդները։

— Մեր թեմի երիտասարդները 14-ից մինչև 35 տարեկաններն են։ Նրանք ունեն ամենատարբեր նախասիրություններ, բայց նրանց բոլորին միավորում է եկեղեցին։ Կրտսեր երիտասարդները աշակերտներ և ուսանողներ են, իսկ ավագ   երիտասարդներն արդեն ամեն մեկն իր մասնագիտության մեջ կայացած մարդիկ են (իրավաբան, ռեժիսոր, ՏՏ և SMM մասնագետներ, երաժիշտներ, նկարիչներ, դիզայներներ, խոհարարներ, շինարարներ, տնտեսագետներ, մարզիկներ, սպորտի վարպետներ և այլն), որոնք փորձում են ամեն մեկն իր մասնագիտությամբ օգնել թե՜ եկեղեցուն, թե՜ համայնքին, և Երիտասարդաց միության կազմակերպվող միջոցառումներին ներդնել իրենց մասնագիտական փորձը և ամեն գործում լինել եկեղեցասեր, ազգասեր և հայրենասեր։

— Ձեր թեմում ինչպիսի՞ գործունեություն են ծավալում երիտասարդները։

 —  Երիտասարդները կատարում են ամենատարբեր աշխատանքներ՝ ի նպաստ հայ եկեղեցու և հայրենիքից դուրս ազգապահպանման։

— Ակտիվ երիտմիություն ունենալու համար ի՞նչ է անհրաժեշտ։

— Անհրաժեշտ է գրագետ ղեկավարում և աշխատանքի կազմակերպում։

— Սոցցանցերում ի՞նչ էջեր ունեք, և հետևու՞մ ես արդյոք Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման`( ՀԵՀԵՄ) կայքէջին, սոցիալական էջերին։

— ՀԵՀԵՄ-ի կայքին և էջերին հետևում եմ։ Ունենք էջեր հիմնական սոցցանցերում։

— Մասնակցել ես ՀԵՀԵՄ-ի քրիստոնեական երիտասարդական աշխատանքի կազմակերպման դասընթացին։ Ի՞նչ տվեց այն քեզ։

 — ՀԵՀԵՄ-ի դասընթացներին մասնակցել եմ։ Դրանք մեզ տվեցին երիտասարդաց միության մեջ աշխատելու և մյուս երիտմիությունների հետ համագործակցելու շատ կարևոր գիտելիքներ։

— Ձեր թեմում փորձու՞մ եք իրականացնել երիտասարդական քրիստոնեական աշխատանքին ուղղված նույնատիպ ծրագրեր։

 — Այո, մեր թեմում կազմակերպում ենք նմանատիպ ծրագրեր, և դրանք երիտասարդներին շատ են ոգևորում։

— Մասնակցել ես ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը, ի՞նչ տվեց այն քեզ։

— Ուխտագնացությանը մասնակցել եմ։ Բացի ֆորումային օրերից, որոնք մեզ տվեցին միասին և համակարգված աշխատելու մեծ փորձ,  ինչպես նաև՝ սփյուռքի մյուս օջախներում ապրող երիտասարդների հետ ծանոթություն, Հայրենիքին և Հայ Եկեղեցուն ավելի ամուր կապվելու հնարավորություն, ինչպես նաև հայ քրիստոնյա երիտասարդի դերը աշխարհում ավելի մեծացնելու հնարավորություն։

— Ի՞նչ առաջարկներ ունես ՀԵՀԵՄ-ին։

— ՀԵՀԵՄ-ին առաջարկում եմ օնլայն հանդիպումների միջոցով երիտասարդների հետ հաճախակի աշխատանքներ տանել։