Մարտի 1-6-ը Բրյուսելում և Պրահայում անցկացված ՀԵՀԵՄ Եվրոպա տարածաշրջանային ֆորումի շրջանակներում, մարտի 5-ին համաժողովի մասնակից հոգևորականներին Պրահայի իր նստավայրում ընդունեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան։
Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Չեխիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Դանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շվեդիայի «Սուրբ Մարիամ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը։
Հանդիպման ընթացքում Կարդինալը ներկայացրեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու պատմությունը, անդրադարձավ չեխ և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես՝ Չեխիայի թեմի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերություններին։ Կարդինալն իր ողջույնները փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀԵՀԵՄ Եվրոպա տարածաշրջանային ֆորումի բոլոր մասնակիցներին։
Նշենք. որ տարիներ առաջ հենց Կարդինալ Դոմինիկ Դուկայի շնորհիվ էր, որ Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծխական համայնքին՝ հոգևոր կարիքների համար։