Հոկտեմբերիի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանին և նրա տիկնոջը՝ Սաթենիկ Հախնազարյանին:
Հանդիպումը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց, որ երիտասարդների խնդրանքին ընդառաջ ընդունել են հրավերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արթուր Կարապետյանի դերակատարմամբ «Հովիվը» և «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» գեղարվեստական և փաստավավերգարական ֆիլմերը: Քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում, քանի որ երիտասարդները նախապես դիտել էին ֆիլմերը: Անդրադառնալով «Հովիվը» ֆիլմին՝ Արթուր Կարապետյանը նշեց, որ հոգևոր ֆիլմերի առումով մեդիադաշտը դատարկ է,ուստի այս ֆիլմի նկարահանումը փորձ էր խավարում մեկ մոմ վառելու: ֆիլմի միջոցով իրենք սբ. Գրիգոր Նարեկացուն ներկայացրել են որպես մարդու. «Նարեկացին մեզ նման մարդ էր, այն ճանապարհը, որով ինքն անցավ, մեզանից յուրաքանչյուրը կարող է անցնել, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենա»:
«Զորավոր» երիտասարդաց միության հանդիպումը ՀՀ վաստակավոր արտիստների հետ անցավ ջերմ ու բովանդակալից, և երիտասարդները կյանքի դասեր քաղեցին: