Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ) տոնին նախորդող շաբաթը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Առաքյալների տոնը: Այդ առթիվ ՀԵՀԵՄ անդամները՝ ԿԳ հոգևոր տեսուչ Տեր Թովմա Վրդ. Խաչատրյանի օրհնությամբ, ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Հառիճավանք: Ուխտավորներին ուղեկցում էին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները` սարկավագներ Նարեկը, Հովհաննեսը և Տիգրանը: Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների բակում ուխտավորներին իր օրհնությունը տվեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը և բարի երթ մաղթեց:
Ճանապարհին բարեշնորհ սարկավագները կատարեցին Արևագալի ժամերգություն:
Ուխտավորների առաջին կանգառը եղավ Հայոց այբուբենի հուշարձան- պուրակը, որտեղ սարկավագները ներկայացրեցին պուրակի կառուցման պատմությունը և այնտեղ տեղակայված արձանների նշանակությունը:
Մինչ Հառիճավանք հասնելը ուխտավորները կանգ առան Ապարան քաղաքում տեղակայված, 4-րդ դար թվագրվող Սուրբ Խաչ եկեղեցում: Սուրբ Խաչի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը քարոզխոսություն ունեցավ ուխտավորների հետ:
Ուխտի վերջնակետը Հառիճավանք վանական համալիրն էր՝ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ պատված նուրբ զարդաքանդակներով։
Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կառուցվել են երկհարկանի աղոթարանը և գրատունը։ Եկեղեցին ավերվել է 11-րդ դարում՝ սելջուկյան արշավանքների ժամանակ, և նորոգվել 12-րդ դարում՝ Գրիգոր Առաջնորդի կողմից։
Հառիճավանքի տարածքում է գտնվում Թրբանճյան Ընծայարանը, որը հոգևոր ուսումնարան է և ունի ավագ դպրոցի կարգավիճակ: Ուխտավորներն առիթ ունեցան ծանոթանալու ուսումնական կենտրոնի ներքին հարդարմանը, լսարաններին, իսկ սարկավագները, ովքեր ուսանել էին այդտեղ, կիսվեցին իրենց հուշերով:
ՀԵՀԵՄ ուխտավորները եկեղեցու բակում հայկական պարեր պարեցին:
Միասին ունեցան Սիրո ճաշ, որն ուղեկցվեց հոգևոր զրույցներով: Երիտասարդներից յուրաքանչյուրը պատմեց իր մասին, ինչն ավելի մտերմացրեց նրանց:
Օրվա ավարտին ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգության, որից հետո Նարեկ սարկավագն անդրադարձավ ուխտագնացության խորհրդին: