• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հայագիտության 7-րդ Բաց Տարածաշրջանային Օլիմպիադան Կրասնոդարում

Մայիսի 5-ին Կրասնոդարում անցկացվեց հայագիտության 7-րդ Բաց Տարածաշրջանային Օլիմպիադան։ Այս միջոցառումն ավանդաբար անցկացվում է Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի կողմից և ենթադրում է մասնակիցների գիտելիքների ստուգում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հայ մշակույթը, գրականությունը, պատմությունը, կրոնը, տոները, դիցաբանությունը և այլն։

Հայագիտության ոլորտում իրենց ունեցած գիտելիքներով մրցեցին 12-17 տարեկան աշակերտները՝ երկրամասի այն ուսումնական հաստատություններից, որոնց ուսումնական ծրագրերը պարունակում են հայկական բաղադրիչներ: Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցեցին մոտ հարյուր երիտասարդ հայագետներ Կրասնոդարի երկրամասի բոլոր շրջաններից, ինչպես նաև՝ Ռոստովի մարզից։

Օլիմպիադայի հաղթողներին շնորհվեցին I, II և III աստիճանի դիպլոմներ և խրախուսական մրցանակներ, այդ թվում՝ Հայաստանում նախատեսվող Համահայկական օլիմպիադային մասնակցելու հնարավորություն։ Մրցանակները հաղթողներին հանձնեցին Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ ՀԿ տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Կամո Հայրապետյանը և Կրասնոդարի երկրամասի ազգային մշակույթների կենտրոնի նախագահ Վասիլի Չանբան։

«Ազգային կրթությունը Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային և տեղական մասնաճյուղերի աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Ուստի Հայագիտական ​​օլիմպիադան ցույց տվեց ոչ միայն ուսուցիչների աշխատանքի և աշակերտների աշխատասիրության արդյունքները, այլև գնահատական ​​տվեց մեզ՝ հայ համայնքների ղեկավարներիս»,- իր ամփոփիչ խոսքում ասաց Կամո Հայրապետյանը։

Կուբանի հայկական սփյուռքի ղեկավարն ընդգծեց, որ հայ ժողովրդի լեզուն, պատմությունն ու մշակույթը հանդիսանում են հայ համայնքի զարգացման և հզորացման հիմքը թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Մոսկվայում և թե՛ Կրասնոդարում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոչ միայն օլիմպիադայի մասնակիցներին, այլև այն ուսուցիչներին, ովքեր տեղում իրենց ամենօրյա աշխատանքով օգնում են հայերին պահպանել իրենց հայեցիությունը՝ գտնվելով պատմական հայրենիքից՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու»,- նշեց Կամո Հայրապետյանը։