• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի շնորհավորականը Ս․ Սարգսի տոնի առթիվ

Սիրելի երիտասարդներ՝ Ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի։
Շնորհավորում եմ ամենքիդ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս առաքինուսույց զորավարի տոնի առթիվ։
Ինչպես գիտեք, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Մի՛ զլացեք մասնակցել տոնական Սուրբ և Անմահ Պատարագին և Երիտասարդների օրհնության կարգին։
Սիրելինե՛ր, ձեր աչքի առաջ ունենալով Սուրբ Սարգիս զորավարին և նրա որդի Մարտիրոսին, հոգևոր սպառազինությունների հետամուտ եղեք։ Աստծո սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ չարին, որովհետև, ինչպես Պողոս առաքյալն է գրում․ «Մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների, պետութիւնների հետ (Եփես․ 6; 12)»։ Այնպես որ, ձեր մէջքին կապեք Ճշմարտության գոտին, հագեք արդարության զրահը, առե՛ք հավատի վահանը և փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որը Աստծու խօսքն է (Եփեսացիներ 6; 14-17)։
Բազմաթիվ մարտահրավերներով արդի աշխարհում փորձություններին և չարին դիմակայելու համար թո՛ղ ձեզ բարեխոս լինի Սուրբ Սարգիս Զորավարն իր Մարտիրոս որդու հետ միասին, որ նահատակվեցին հանուն Տիրոջ սուրբ անվան՝ Քրիստոսի սերը վկայելով ի լուր աշխարհի։
Թո՛ղ զորանան ձեր սրտերը և Լույսի մասին վկայողներ լինեք օրեցօր լույսից պակասող այս աշխարհում։
Առանձնահատուկ կերպով ցանկանում եմ շնորհավորել շրջափակման մեջ գտնվող մեր արցախահայ եղբայրներին և քույրերին, ովքեր ամենօրյա տոկունությամբ, համբերությամբ, հույսով, հավատով և աղոթքով պայքարում են իրենց ազգային-հոգևոր ինքնության իրավունքի հարատևման համար։
Ազգովի հայցենք Սուրբ Սարգիս Զորավարի և իր Մարտիրոս որդու բարեխոսությունը մեր հայրենիքի սահմանները հսկող զինվորների պահպանության, ինչպես նաև՝ ի Տեր ննջած նահատակների հոգու հանգստության համար։

 

Աղոթքով և սիրով՝

Թովմա վարդապետ Խաչատրյան

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ