Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար՝ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում իրականացվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Աստծո խոսքը հույսի և հավատքի ուղի. փախստական և տեղահանված ընտանիքների համար» ծրագիրը:
Ծրագիրը միտված է Աստվածաշնչի սերտողության դասընթացների իրականացմամբ աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց ներքին խաղաղության վերականգմանը և օգնել նրանց հաղթահարելու կյանքի դժվարությունների հետևանքով առաջացած հուսահատության, անորոշության և հոգևոր տկարության զգացումները։
Աստվածաշնչի սերտողության դասւնթացները հիմնված են Աստվածաշնչի ուսումնասիրության և հոգևոր խորհրդատվության վրա և ներառում են․
* աստվածաշնչյան թեմաների ուսումնասիրություն և քննարկում,
* խմբային քննարկումներ,
* աղոթք,
* հոգևոր խորհրդածություն,
* գործնական վարժություններ։
Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է «Աստծո Խոսքը՝ հավատի և հույսի ճանապարհ» աշխատանքային գիրք-տետրը։ Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից, որպես նվեր, ստանում է Աստվածաշունչ՝ խրախուսելով Աստծո Խոսքի շարունակական ընթերցումն ու ուսումնասիրությունը նաև դասընթացի ավարտից հետո։




