Բոլորովին վերջերս լույս տեսավ Մայր Աթոռի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրությունը։ ՀԵՀԵՄ անդամ Մարիամ Մկրտչանն այդ առիթով զրուցել է հայր սուրբի հետ։
-Հայր Սուրբ, ինչպե՞ս ծագեց գիրքը գրելու գաղափարը։
-Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառության տարիներս էին։ «Եկեղեցական արվեստ» առարկայի շրջանակներում ուսանողն երիս առաջարկվեց ընտրել թեմաներ, որոնց անդրադարձ չի եղել։ Եվ ես, իբրև ավարտաճառի թեզ, ընտրեցի Մայր Տաճարի ուսումնասիրությունը, նրա պատմությունը, ճարտարապետությունը, ճարտարապետական զարգացումները դարերի հոլովույթում, հատկապես նախնական տեսքը, դրա հետ կապված խնդիրները, կարծրատիպերը և այլն։
— Ո՞վ է գրքի հասցեատերը։
-Գրքի հասցեատերն առաջին հերթին ճեմարանի գիտական խորհուրդն էր, քանի որ աշխատանքը ավարտաճառ էր։ Հետագայում, հատկապես վերջին տարիների վերանորոգումների և վերականգնումների արդյունքում ի հայտ եկած որոշակի գտածոների ուսումնասիրության հիման վրա կարողացանք գիրքը խմբագրել և այն նվիրեցինք Վեհափառ Հայրապետի 70-ամյակին ու գահակալության 20-ամյակին։
-Կպատմե՞ք գիրքը գրելու շարժառիթի, ինչպես նաև աշխատանքի ընթացքում հանդիպած դժվարությունների մասին։
-Գրելու շարժառիթը հետևյալն էր․ որպեսզի Մայր Աթոռն ունենա իր ուսումնասիրված, գիտականորեն ձևակերպված պաշտոնական կարծիքը Մայր Տաճարի առեղծվածների վերաբերյալ։ Եվ այն պետք է հիմնված լիներ լիարժեք, համապարփակ ուսումնասիրությունների վրա։ Իսկ դժվարությունն այն էր, որ ճարտարապետության կամ ճարտարապետության պատմության հետ որևէ առնչություն չուներ մեր աստվածաբանական և հայագիտական կրթությունը։ Հիմնականում ինքնաշխատությամբ փորձեցի այդ բացը լրացնել՝ ընթերցելով հարյուրավոր գրքեր, ուսումնասիրելով ճարտարապետությունը, համաշխարհային ճարտարապետության կարևորագույն կոթողները տարբեր երկրներում։ Նաև ծանոթացա ճարտարապետական դպրոցների կարծիքներին, որոնք այս կամ այն կերպ կարող էին փոխազդեցության մեջ լինել մեր հին ճարտարապետության հետ։
— Ի՞նչ եք կարծում, Ձեր գիրքը կօգնի՞ «քանդել» ինչ-ինչ ընդունված կարծրատիպեր՝ կապված Մայր Տաճարի ճարտարապետության հետ։
-Իմ գրքով քանդվում է այն կարծրատիպը, որ Մայր Տաճարն ի սկզբանե եղել է բազիլիկ տիպի կառույց։ Այն, ինչ ես 11 տարի առաջ գրել եմ և ներկայացրել իբրև ավարտաճառ, այսօր արդեն վերջին վերանորոգումների ընթացքում իրապես հաստատվում է։ Ինչ առաջադրել եմ գիտականորեն, հիմնովին ապացուցվում է նաև այն ճարտարապետական ուսումնասիրությունների, պեղումների արդյունքում, որոնք իրականացվել են վերջերս։ Մայր Տաճարն ի սկզբանե եղել է գմբեթավոր խաչաձև կենտրոնագմբեթ տեսակի եկեղեցի իսկ հետագա դարերում արդեն ավելացել են գլխավոր զանգակատունը՝ 17-րդ դարում, և թանգարանի հատվածը՝ 19-րդ դարում։
-Երբ հասաք գրքի վերջին էջին, ի՞նչ զգացողութուններ ունեցաք։
-Գոհունակության զգացում և փառաբանում Աստծուն, որ նախանշված ժամանակում նախատեսված աշխատանքն ի վերջո ամբողջացավ։
-Ո՞րն է գրքի հոգևոր պատգամը։
-Հոգևոր պատգամը ճանաչելն է Սուրբ Էջմիածինն իբրև աշխարհի առաջին գմբեթավոր տաճար, իբրև աշխարհի առաջին Մայր Տաճար, հայ ճարտարապետության անդրանիկ կառույց, հայ եկեղեցական ճարտարապետության առաջին կառույց և հայկական բոլոր եկեղեցիների Մայր Տաճար։
-Ամեն անգամ ի՞նչ զգացումներով եք մտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
-Կարծում եմ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մտնելիս յուրաքանչյուր ոք հոգևոր ապրում պետք է ունենա, քանի որ ականատեսն է Գրիգոր Լուսավորչի հետ Սուրբ Էջմիածնի տեսիլքի, երբ իջավ Միածինը և ցույց տվեց այն տաճարի ձևը, որը մենք՝ ներկա սերունդը, այսօր տեսնում և վայելում ենք ու պարտավոր ենք այն պահպանելով փոխանցել հետագա սերունդներին։