• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Ինձ արդեն ճիպոտով էլ ՀԵՀԵՄ-ից չեք քշի». տեսանյութ

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության  գրասենյակում կրկին աշխուժություն էր: Այս անգամ ՀԵՀԵՄ-ի հյուրերն էին Բելգիայից Հայաստան ժամանած կլինիկական հոգեբաններ Նունե Կարա Խանյանը և Պոլ Ժակը: Քննարկման առանցքային թեմաներն էին․ ինչպե՞ ս տարբերել հոգեբանական խնդիրները, ո՞ ր դեպքերում դիմել հոգեբանի, Հայաստանում հոգեբանական ի՞ նչ խնդիրների են բախվում երիտասարդները։

Պոլ Ժակը և Նունե Կարա Խանյանը, ովքեր ի դեպ,  ամուսիններ են,  կլինիկական  հոգեբան և հոգեթերապևտ են : Ավելի քան 20 տարի է, ինչ նրանք համահիմնադրել և ղեկավարում են Բելգիայի Նամուրի նահանգի հանրային առողջության «Clinique de l’exil»  կենտրոնը: Նունե Կարա Խանյանը կրթությամբ   մանկաբույժ է: Անդրադառնալով մանկական տրավմաներին՝ հոգեբանը կարևորեց սիրո գործոնը: «Հասուն տարիքի մարդու հոգեբանական և էմոցիոնալ վիճակը միշտ կապված է այն բանի հետ, թե նա որքան սեր է ստացել փոքր տարիքում»,- նշեց տիկին Կարա Խանյանը՝ հորդորելով երիտասարդներին մեծ ուշադրություն դարձնել այս հանգամանքին, երբ ընտանիք կկազմեն: Փաստորեն նույնիսկ 60 տարեկանում հնարավոր է, որ մարդիկ մանկական չհաղթահարված տրավմաներ ունենան, ինչն, իհարկե, հնարավոր է բուժել:

Պոլ Ժակը հանդիպմանը մասնակցում էր թարգմանության միջոցով, որն ապահովում էր ՀԵՀԵՄ-ական Ռուբինա Մելիք-Թանգյանը: Պարոն Ժակը նշեց, որ մասամբ հասկանում է հայերեն և շատ լավ տպավորություններ ունի հայերից. նրանք ունեն խորը ինքնության զգացում:

Քննարկվող թեմաները երիտասարդների համար չափազանց արդիական էին, ինչն ակնհայտ էր նրանց արձագանքներից. մեկը մյուսից հետաքրքիր հարցադրումներ և ակտիվ ներգրավվածություն:

Հարցուպատասխանին հաջորդեց դերային խաղը, որտեղ մասնակիցները բաժանվեցին  խմբերի, և յուրաքանչյուր խումբ ներկայացրեց առանձին ընտանեկան իրավիճակ: Ընտանեկան իրավիճակները տարբեր էին, բայց նպատակը նույնն էր՝ գտնել երիտասարդի խնդրի լուծումը:

Խմբերից մեկը նույնիսկ որոշեց բեմականացնել դերային խաղ-առաջադրանքը: Այսպիսով կարելի է ասել՝  ՀԵՀԵՄ ապագա թատրոնի ստեղծման հիմքը գցված է:

 

Ինչպես իր խոսքում նշեց Նունե Կարախանյանը՝ դերային խաղը հնարավորություն է՝ ազատել էմոցիան իրադարձությունից և ստանալ մի իրավիճակ, որտեղ երիտասարդները կարող են ներընտանեկան  խնդիրներին նայել կողքից: Ըստ նրա՝ այս պարագայում լուծում գտնելը շատ ավելի դյուրին է, քան երբ մարդը խճճված է սեփական խնդիրների էմոցիոնալ բեռի տակ:

Այսպիսով՝ ՀԵՀԵՄ-ականները հնարավորություն ստացան մի պահ հոգեբանի աչքերով նայելու խնդիրներին, ինչպես նաև՝ նորովի ճանաչել և ապրումակցել միմյանց:

Հանդիպմանը ներկա էին ինչպես նորեկներ, այնպես էլ՝ «հնաբնակ» ՀԵՀԵՄ-ականներ, թեպետ այնպիսի անմիջական մթնոլորտ էր, որ դժվար էր հասկանալ՝ ով է նորաբնակ, իսկ ով՝ հնաբնակ:

Հանդիպման ավարտին Սեյրանը, ով առաջին անգամ էր ՀԵՀԵՄ-ում,  խոստովանեց. «Այս հանդիպումից հետո ինձ արդեն ճիպոտով էլ ՀԵՀԵՄ-ից չեք քշի»:

Իսկ Ռուբինան, ով «հնաբնակ» է, նշեց. «Այս հանդիպմանը երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը տալ՝ թեկուզ հենց իրենց անձնական կյանքը կարգավորելու առումով կամ թե ինչպես ապագայում կարող են խուսափել պոտենցիալ խնդիրներից: Ու ինչն է հրաշալի, որ հոգեբանը նշեց՝  հավատը այն ամենակարևոր հիմնասյունն է, որը կօգնի քեզ յուրաքանչյուր անելանելի իրավիճակից դուրս գալ, նույնիսկ եթե դու այդ պահին կորցնում ես մարդկային բոլոր հենակետերը՝ դա հաղթահարելու համար: Այ դա է հենց այն ձեռքը, որը քեզ խեղդվելուց կարող է հանել»:

 

Նշենք, որ այս գեղեցիկ հանդիպումը տեղի ունեցավ Բելգիայի «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային միության հետ համագործակցության շրջանակներում։

Տիգրանուհի Մարգարյան

ՀԵՀԵՄ անդամ

Yandex.Metrica