Սեպտեմբերը շատ ակտիվ սկսվեց ՀԵՀԵՄ-ում: Գիտելիքի օրվան ընդառաջ՝ Քարտուղարության բաժնի անդամների նախաձեռնությամբ անցկացվեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբը ՀԵՀԵՄ-ում» ինտելեկտուալ խաղը։ Գաղափարի հեղինակը Մարինե Մարկոսյանն էր, իսկ հարցաշարի կազմողները՝ Տաթևիկ Դունամալյանը, Օֆելյա Գասպարյանը և Գրիգոր Թարվերդյանը։ Խաղն անցկացվում էր առաջին անգամ, իսկ խաղի կանոնները շատ պարզ էին։
Մասնակիցները բաժանվեցին 3 խմբի՝ պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր խմբում ընդգրկվեց 4 մասնակից։ Խաղն ընթացավ 3 փուլով: Հարցաշարում ընդգրկված էին հարցեր գրականությունից, պատմությունից և Աստվածաշնչից։ Ամեն փուլից հետո պատկերն այլ էր: Ավարտական փուլում մասնակիցներին տրվեցին բացառապես տրամաբանական հարցեր, ինչն առավել աշխուժացրեց մթնոլորտը և մասնակիցների մոտ էլ ավելի մեծացրեց ճիշտ պատասխանը գտնելու ցանկությունը:
Հաղթող ճանաչվեց առավել շատ միավորներ հավաքած 2-րդ խումբը։ Ժյուրիի անդամները միաձայն լավագույն հարց ճանաչեցին նկարիչ Գոյայի հարցադրումը, այն է՝ գուշակել երկու իրար հակադիր գործողությունները, որոնցից առաջինը սովորելու համար երկու տարին բավարար է, իսկ մյուսը սովորելուն ամբողջ կյանքն էլ չի բավականացնի: Ճիշտ պատասխանն էր՝ խոսել և լռել:
Խաղի կազմակերպիչները և լավագույն մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ՝ հոգևոր գրականության տեսքով: Ինչպես և ակնկալվում էր, առավել շատ ճիշտ պատասխաններ տրվեցին հոգևոր ոլորտին վերաբերող հարցերին։ Խաղի ավարտին մի բան հստակ էր՝ ՀԵՀԵՄ-ում հաճախակի կանցկացվեն նման խաղեր, որոնք նպատակ ունեն առավել հրապուրիչ և մասնակցային դարձնելու կրթական միջավայրը:
Լուսանկարները և տեսահոլովակը՝ Վերգինե Առաքելյանի