• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, 2022 թ-ի օգոստոսի 18-ից 28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ։ Այս տարի փառատոնի խորագիրն է «Միասին կարող ենք»:

«Ֆրեսկոն» մշակութային երկխոսություն է, որի նպատակը Հայաստանն  արդի մշակութային շփումների խաչմերուկ դարձնելն է:

Փառատոնն այս տարի իր ծրագիրը կիրականացնի Վանաձորում (18-20 օգոստոս) և Երևանում (23-28 օգոստոս)։

Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ինչպես նաեւ՝ մարզային ներառական մշակութային ճամբար:

Վանաձորում տեղի կունենան հանդիպումներ հայաստանյան եւ օտարերկրացի արվեստագետների հետ, ի թիվս որոնց՝ վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելացի լուսանկարիչ, լրագրող՝ Դմիտրի Բրիկմանը («Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» խորագրով հանդիպում) եւ այլք:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում կցուցադրվի ներառական ֆիլմ, ինչպես նաեւ տեղի կունենա հանդիպում-քննարկում փառատոնի օտարերկրյա արվեստագետների հետ:

Փառատոնի երևանյան դիտումները կանցկացվեն Երեւանի Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների տարածքում, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի դիմաց։

Փառատոնի շրջանակում կայանալիք համերգային ծրագրերին կմասնակցեն «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, «Հորովել» երգի-պարի անսամբլը, Վանաձորի «Կամերային երգչախումը», «Հովել» երաժշտական նախագիծը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը: Հանրաճանաչ արտիստները ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ միասին: Համերգները կհամալրվեն յուրօրինակ պերֆորմանսներով:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն շուրջ 40 միջազգային ֆիլմեր՝ (Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կորեա, Իսպանիա, Իտալիա, Բրազիլիա եւ այլն) խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում են նրանց կարողությունները, արարելու եւ աշխատելու ներուժը:

Այս տարի փառատոնի շրջանակներում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար: Ճամբարին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ այլ մասնագիտացված կառույցների սաները:

Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև՝  ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը եւ «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը: