• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կոտայքի թեմի երիտասարդները մեծ շուքով նշեցին Ս. Սարգսի տոնը

Այսօր` փետրվարի 4-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սիրո բարեխոս՝ Սբ. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը:

Այդ օրը  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Կոտայքի թեմի առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ և Չարենցավանի համայնքապետարանի հովանավորությամբ, Չարենցավանի Երիտմիության երիտասարդները՝ Չարենցավանի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Համազասպ քահանա Հագեյանի ուղեկցությամբ, թափոր կազմած, քայլերթով շարժվեցին դեպի Սբ. Փրկիչ եկեղեցի, որին նաև միացան համայնքի հավատացյալները:

Երիտասարդներին ուղեկցում էին խաչակիր եղբայրները, պատանիներ և Սիրո բարեխոս՝ Սբ. Սարգիսը: Երիտասարդաց միության անդամները հոգևոր սպասավորներից  օրհնություն ստացան և աղոթք բարձրացրին առ Աստված՝ Հայոց սահմանների անսասանության, մեր քաջարի զինվորների հաղթության և հայ ժողովրդի միաբանության համար:

Երիտասարդները եկեղեցու բակում երգեցին, պարեցին և սաղմոսներ ընթերցեցին: Երիտասարդներին բաժանվեցին սաղմոսներ, ծաղիկներ և քաղցրավենիք:

 

Անահիտ Պեպանյան՝ Կոտայքի թեմի երիտասարդաց միության անդամ
Անահիտ Պեպանյան՝ Կոտայքի թեմի երիտասարդաց միության անդամ
Նյութի հեղինակ