Սուրբ Սարգսի տոնը (Սուրբ Սարգիս) հայ ժողովրդի ամենասիրված տոներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Սուրբ Սարգիս սպարապետը համարվում է երիտասարդ զույգերի ու սիրահարների բարեխոսը, ուստի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով սուրբին նվիրված տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվեց փետրվարի 4-ին, իսկ նախօրեին Կրասնոդարի երկրամասում «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության մարզային մասնաճյուղի կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում անցկացվեց տոնին նվիրված երեկո։

Դահլիճում ներկա հայ երիտասարդներին տոնի առթիվ շնորհավորեց Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Կամո Հայրապետյանը՝ շեշտելով ազգային ավանդույթներին ու սովորույթներին հետևելու կարևորությունը։

Սա հատկապես կարևոր է Սփյուռքի հայության համար, որը, հեռու լինելով իր պատմական հայրենիքից, պետք է պահպանի իր ժողովրդի բազմահազարամյա մշակույթը և փոխանցի այն իր ժառանգներին։ Կուբանի հայ համայնքի ղեկավարը երիտասարդներին մաղթեց առողջություն, սեր և ընտանեկան երջանկություն՝ վստահություն հայտնելով, որ Սուրբ Սարգիսը կլինի նրանց բարեխոսը։