Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի հուլիսի 5-ին մեկնարկեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը (5-10 հուլիս)։

Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում են հարյուրից ավելի երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ ու հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։
Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Կկազմակերպվեն նաև այցեր Սբ․Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։

Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն Սուրբ և Անմահ Պատարագի։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում է «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» անվանումը, և կրթական առաջադրանքներն ուղղված կլինեն թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022թ.) համահայկական ուխտագնացությունները: