Սիրելի ՀԵՀԵՄ-ականներ,
Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր ի Քրիստոս

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։
Անհնարինը հնարավոր դարձավ, անտեսանելին՝ տեսանելի, անլսելին՝ լսելի, անշոշափելին՝ շոշափելի։ Մեր Տիրոջ Հարությունը մահվան հանդեպ հավիտենական կյանքի հաղթության վավերացումն է մեզ համար։ Սուրբ Հարության միջոցով Տերը մեզ ազատագրեց մահվան շղթաներից, հավիտենական կենդանության շունչ փչեց մեր մեջ՝ կարծես պատգամելով․ «Կյա՛նք առ և կյա՛նք փոխանցիր»։

Մի կողմ թողնենք մեռելոտի գործերը և մտնենք Տիրոջ Հարության խորհրդի մեջ։ Նրա հարուցյալ մարմնի անդամները դառնանք եկեղեցագործվելով, «քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը» (Ա Կորնթ.15: 21-23):

Սուրբ Հոգու շնորհներին հետամուտ լինենք և զարդարվենք պես-պես առաքինություններով։ Ինչպես առաքյալն է հորդորում մեզ, մաքրե՛նք, դե՛ն նետենք հին խմորը, որպեսզի նոր զանգված լինենք, «քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթուեց։ Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով» (Ա Կորնթացիներ 5։ 7-8)։

Քրիստոնեության պատմությունը լի է նահատակություններով, հալածանքներով և չարչարանքներով։ Այսօր էլ դյուրին չէ մեզ համար քրիստոնեական կյանքով ընթանալը և Քրիստոսավանդ արժեքներին հավատարիմ մնալը։ Բայց ոչինչ չպիտի կարողանա հեռացնել մեզ Աստծո սիրուց, որովհետև ննջեցյալների առաջին Պտուղը և Անդրանիկը՝ մեռելներից հարություն առավ և Հոր աջ կողմում նստեց։

«Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։ 20),- ասում է առաքյալը։ Ուրեմն, տեղ տանք մեր մեջ Հարուցյալ Քրիստոսին, որպեսզի ինքներս էլ մասնակիցը լինենք այդ Հարության և նոր կյանք ունենանք՝ ի փառս Աստծո և ի փրկություն մեր հոգիների։

Շնորհ և խաղաղություն բոլորիդ Քրիստոսով։
Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

 

Թովմա վարդապետ Խաչատրյան

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ,
Կենտրոնական գրասենյակի տնօրեն