• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Օրհնում եմ ձեզ երիտասարդության հրաշալի հասակի մեջ․ Հայր Թովմա

ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի ուղերձը Երիտասարդի օրվա առթիվ


Սիրելի երիտասարդներ, այսօր ձեր տոնն է: Սրտանց շնորհավորում եմ և օրհնում ձեզ ձեր երիտասարդության հրաշալի հասակի մեջ: Երիտասարդությունը կյանքը մաքուր էջից սկսելու հնարավորություն է, հոգևոր և ֆիզիկական ուժերի գործադրման և աճի շրջան, ուսումնառության, աշխարհաճանաչողության, մտահորիզոնի լայնացման, գիտելիքներով զինվելու և դրանք ի բարիս գործադրելու, աշխարհն ավելի լավը դարձնելու ընթացք:

Բոլոր տեխնոլոգիական նորարարությունները, որոնց տիրապետումն այսօրվա երիտասարդի կայացման այցեքարտն է, թող ոչ միայն ավելի հարմարավետ դարձնեն աշխարհը, այլև մարդու հոգևոր աճին միտված լինեն: Տիրոջ խաղաղությունն ու ներկայությունն ունեցեք ձեր կյանքում, ամեն գործ ձեռնարկելիս աղոթքով հայցեք նրա կամքը: Օրն սկսեք առ Տեր գոհությամբ և փառաբանությամբ, որպեսզի օրվա բարի ընթացքը կանխավ ապահովեք:

Սիրեք Աստծուն և հիշեք նրան ձեր երիտասարդության օրերին, ինչպես հորդորում է Սուրբ Գիրքը: Հոգևորապես աճեք աստվածային սիրո և շնորհների մեջ, զարդարվեք առաքինությամբ, հավատով, հույսով և սիրով: Ընտանիքներ կազմեք և զավակներ մեծացրեք սիրով և աստվածային պատվիրաններով: Հայրենիքի հանդեպ սերն անբաժան դարձրեք Աստծո և մերձավորի հանդեպ սիրուց, որովհետև ամեն ինչ անցնելու է այս աշխարհում, ամեն ինչ վերջանալու է, բացի Սիրուց, Սերը երբեք չի անհետանալու: