• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Շեն մնա Գուգարաց թեմը»․ ՀԵՀԵՄ-ի այցը Վանաձոր

Հուլիսի 18-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հրավերով Վանաձորում հյուրընկալվեցին ՀԵՀԵՄ ԿԳ անձնակազմը, ՀԵՀԵՄ անդամները, ինչպես նաև Արարատյան Հայրապետական, Մասյացոտն, Կոտայքի, Արմավիրի թեմերի երիտասարդաց միությունների անդամները։ Նրանք Վանաձորի առաջնորդանիստ Ս․ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակցեցին Պատարագի։ Այնուհետև կայացավ հանդիպում Հովնան Սրբազանի հետ։ Նա իր ողջույնի խոսքն ուղղեց հյուրերին՝ կարևորելով նման այցերի անհրաժեշտությունը և շարունակականությունը։ Սրբազանը ներկայացրեց թեմի երիտասարդական կառույցի անդամներին՝ ընդգծելով, որ երիտասարդների աշխատանքով է պայմանավորված եկեղեցու և պետության հզորացումը։ Գուգարաց թեմի երիտասարդները սիրով ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները թեմում և առաջիկա ծրագրերը։

ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանն իր հերթին հանդես եկավ շնորհակալական խոսքով և Հովնան Սրբազանին որպես նվեր փոխանցեց իր «Սուրբ Էջմիածին քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրությունը, Ս․ Գրիգոր Նարեկացու մանրանկարը և ՀԵՀԵՄ-ի տարբերանշանով բաժակը։ Միաժամանակ հայր Թովման ներկայացրեց ՀԵՀԵՄ ԿԳ-ի կողմից կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները, որից հետո բոլորը միասին մասնակցեցին Սիրո ճաշին, որն ուղեկցվեց աղոթքով, երգով և միմյանց հետ ջերմ շփումով։

 

Այնուհետև ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանն իր բաժնի անդամների հետ թեմական երիտասարդներին ներկայացրեց «Երիտմոտիվացիա․ մտքի տրանսֆորմացիա» ծրագիրը։ Սևակը, Գոհարը և Մանեն իրենց օրինակով պատմում էին, թե ինչպես երիտասարդը  կարող է ակտիվ կամավորական գործունեություն ծավալելով փոխել միջավայրը, հետևաբար և՝ աշխարհը։

Այցի հաջորդ կանգառը թեմի «Ծիծեռնակ» ճամբարն էր։ Հովնան Սրբազանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացան ճամբարի գեղեցիկ և հարմարավետ  հարկաժիններին, առօրյային, նիստ ու կացին, հոգևոր կրթությանը, շրջակա անտառին և օգտվեցին տանտերերի առատ հյուրասիրությունից։ «Շեն մնա Գուգարաց թեմը» ցուցանակի ներքո, ջերմ և անկաշկանդ մթնոլորտում բոլորը մտերմացան միմյանց հետ, և դրանով սկիզբ դրվեց նոր ծրագրերի շուրջ համագործակցությանը։  Անջինջ տպավորություններով և հուզականությամբ գերհագեցած օրվա ավարտին ՀԵՀԵՄ անդամներն ու անձնակազմը, ինչպես նաև տարբեր թեմերից հյուրընկալված երիտասարդներն իրենց անսահման շնորհակալությունը հայտնեցին Գուգարաց թեմի առաջնորդին հրաշալի  հյուրընկալության համար և խոստացան, որ  նման փոխայցերը կլինեն շարունակական։

Yandex.Metrica