Օրհնությամբ եւ ներկայությամբ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հունվարի 8-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը թեմի Սոցիալ- կրթական կենտրոնում տոնեց Սուրբ Ծնունդը։
Օրվա անբաժան մասն էին հայրենասիրական եւ ազգային երգն ու պարը, որին առանձնահատուկ համ ու հոտ տվեց միության բարեկամ «Հրայրք» ավանդական պարի խումբը։

Էլ ինչ Սուրբ Ծննդյան ճաշկերույթ` առանց տարեգաթայի։ Բոլորը սեղանների շուրջ երգելով` փորձում էին գտնել մետաղադրամը։
Միասնական ճաշկերույթի ընթացքում երիտասարդները խաղացին նաև ազգային խաղեր, որոնք էլ ավելի ազգային շնչով լցրին միջավայրը՝ համատեղ ստեղծելով հետաքրքիր, զվարճալի և անմոռանալի պահեր:

«Ինչ որ արժևորեցիք երիտասարդ ժամանակ, ինչ որ հավաքեցիք, այդ է, որ մեծ հասակում պիտի օգտագործեք: Եթե մեղվի նման նեկտար չեք հավաքում երիտասարդության ժամանակ, մեղր չեք կարող ստեղծել հասունության ժամանակ, իսկ նեկտարը քաղում են այն ծաղկից, որ կոչվում է եկեղեցի», — իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Երեկոյին ներկա էին նաեւ Շիրակի թեմում հյուրընկալված բեյրութաբնակ բարերարներ տեր և տիկին Տանձիկյանները։