Սինոփսիսի համաշխարհային կամավորության օրվա կապակցությամբ հոկտեմբերի 18-ին Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցու շրջակա տարածքում իրականացվեցին մաքրման աշխատանքներ։
Սինոփսիս Արմենիան միջոցառումն իրականացրեց համագործակցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ)՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծագործական համայնքներ» նախաձեռնության հովանու ներքո, Թանգարանների աշխատողների և ընկերների ասոցիացիայի և «Հայաստան ծառատունկ» ծրագրի օգնությամբ:
«Բիզնեսի, կառավարության և եկեղեցու այս եռակողմ համագործակցությունը նպատակամղված է բարձրացնելու համայնքային պատասխանատվությունը և զարգացնելու կամավորության ոգին՝ համագործակցության մշակույթը զարգացնելով,- ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:- Եկեղեցին հանդիսանում է բարոյական և հոգևոր արժեքների մշտական աղբյուրը տեխնոլոգիական և ինժեներական աշխատանք կատարող հանրույթի համար և ազգային ինքնության պահպանման գործում»:
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը կարևորելով կամավորությունը իր խոսքում ի մասնավորի նշեց. «Եթե կամավորություն ես անում, ապա երիտասարդ ես:
Կամավորությունը յուրահատուկ տասանորդ է մարդկության համար: Կամավոր աշխատանքի կարևորությունը մեծանում է, երբ այդ ջանքերը ուղղված են ազգային-հոգևոր արժեքների պահպանմանն ու գործածմանը:
Եկեղեցական համալիրները, վանքերը մեր մշակույթի, ինքնության անբաժան մասն են: Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է ոչ միայն իր ինքնության, հայրենիքի, պատմության, մշակույթի և կրոնի, այլ նաև յուրաքանչյուր վանքի, եկեղեցու, խաչքարի համար՝ դրանք համարելով իր ազգային ինքնության մի մասնիկը:
Շատ վանքեր և եկեղեցիներ այսօր գտնվում են ավերման, ինքնաոչնչացման եզրին, ինչը մարտահրավեր է, բայց նաև հնարավորություն կամավորական կյանքի զարգացման մեր Հայրենիքում:
Մեր հայրերը արյան գնով այս ժառանգությունը ստեղծել, պահել, պահպանել և փոխանցել են մեզ, որպեսզի մենք այսօր ևս տեր և պաշտպան լինենք այդ սրբություններին և դրանց առջև մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք»:
https://www.facebook.com/hehemofficial/posts/2195059633931323?__tn__=-R