• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս․ զրույց Արման սարկավագի հետ

Դեկտեմբերի 20-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում բարեշնորհ Արման սարկավագ Սարգսյանը հոգևոր զրույցի թեմա էր ընտրել հայոց ազգի հավատքի հիմնադիրների՝ սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներրի վարքը և քարոզչությունը Հայաստան աշխարհում։ Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Սբ. Թադեոսը քրիստոնեությունը քարոզելու նպատակով նախ գնաց Եդեսիա քաղաք, որտեղ իշխում էր Աբգար թագավորը: Այնուհետև անցավ Հայաստան, ուր համատարած  կռապաշտություն էր տիրում: Սբ. Թադեոսը, շրջելով զանազան քաղաքներում, քարոզեց քրիստոնեությունը, շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին: Նա ամեն տեղ աներկյուղ քարոզում էր Ավետարանի ճշմարտությունը: Սուրբ Թադեոսը նահատակվեց Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում: Նրա նահատակության օրն իսկ քրիստոնյա դարձան 3500 հայեր:

Սուրբ Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ Հայաստան եկավ Հիսուսի տասներկու առաքյալներից մեկը ևս՝ Սուրբ Բարդուղիմեոսը:  Բարդուղիմեոսն է անդրանիկ առաքյալը, որ աշակերտակիցներից առաջ խոստովանեց Քրիստոսի Աստվածությունը՝ ասելով. «Դու ես Աստծու Որդին» (Հովհաննես 1.47-50): Եվ այս դավանանքի վրա էր, որ պիտի հիմնվեր քրիստոնեական եկեղեցին: Այդ պատճառով նա ստացավ Նախադավան առաքյալի փառավոր կոչումը: Սուրբ Բարդուղիմեոսը, ըստ ավանդության, իր քարոզչությունը սկսեց Պարսկաստանի կողմերից և հասավ մինչև Հնդկաստանի սահմանները: Ասորիներին քարոզելուց հետո նա եկավ Հայաստան՝ Սյունյաց աշխարհ, անցավ Գողթն գավառը: 13-րդ դարի հայ պատմիչներից Ստեփանոս Օրբելյանը գրում է, թե առաքյալը Գողթնում Տեառնընդառաջ անունով եկեղեցի կառուցեց, որից հետո տեղափոխվեց Արտաշատ քաղաքը: Ամեն տեղ նա անվախ ու եռանդով քարոզում էր Ավետարանը:

Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների գերեզմանների վրա հետագայում կառուցվել են եկեղեցիներ. Սբ. Թադեոսինը՝ Արտազում, իսկ Սբ. Բարդուղիմեոսինը՝ Աղբակում: Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սբ. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19.34), ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը։

Հոգևոր Զրույցին իր մասնակցությունը բերեց նաև ՀԵՀԵՄ ԿԳ այցելության եկած Պոլսո Պատրիարքարանի միաբան Հարություն աբեղա Տամատյանը։