Մասյացոտնի թեմում տոնախմբությունը մեկնարկեց Արտաշատի համայնքապետարանի առջևից։
Հոգևորականների առաջնորդությամբ և Սբ. Սարգսի կերպարը մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ թափորը աղոթքով, դհոլների զարկերով ու ավանդական խաղերով շարժվեց դեպի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի, որտեղ կատարվեց Երիտասարդների օրհնության կարգ։

 

Գյումրիում երիտասարդները ազգային երգ ու պարով նշեցին Սբ․ Սարգսի նախատոնակը։

Վայոց Ձորի թեմում երիտասարդները խաշիլ եփեցին, փոխինձով գաթա պատրաստեցին, երգ ու պար սովորեցին;

 

Տոնական միջոցառումներ  անցկացվեցին նաև Գուգարաց թեմում. նվագախումբ, երգ ու պար, Սուրբ Սարգիս ձիավոր։

Արագածոտնի թեմի երիտասարդները ևս պատրաստեցին և բաժանեցին աղի բլիթներ, միասնական շուրջպար բռնեցին եկեղեցու բակում։

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու և Չարենցավանի համայնքապետարանի միասնական ջանքերով ներկայացվեց տոնական համատեղ միջոցառում։ Միջոցառումը սկսվեց քաղաքի կենտրոնական հրապարակից՝ մասնակիցները խաչերթով այցելելով Սուրբ Փրկիչ եկեղեցի ներկայացրեցին տոնի ժողովրդական տոնախմբությունը երգերով ու պարերով։ Մասնակից երիտասարդներին բաշխվեցին քաղցրավենիք ու տոնին յուրահատուկ նվերներ։

Վիրահայոց թեմում Սուրբ Սարգսի տոնի նախօրեին խաչերթ անցկացվեց տեղի երիտասարդների ակտիվ մասնակցությամբ։

Սուրբ Սարգսի տոնի մասին պատմությամբ մեկնարկեց Վիրահայոց թեմի երիտասարդների նոր հաղորդաշարը՝  «Մի բան ասեմ, գնամ»։ Ներկայացնում է Րաֆֆի Գասպարյանը։

Գերմանիայի հայոց թեմում շուրջ 60 երիտասարդներ մասնակցեցին «Ի՞նչն է քեզ համար Սուրբ» խորագրով հանդիպմանը։ Ժամերգությանը սաղմոսներով եւ սուրբգրային ընթերցումներով իրենց մասնակցությունը բերեցին նաեւ երիտասարդները։

Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, տոնական Ս. Պատարագից հետո, երիտասարդները հյուրասիրություն կազմակերպեցին։

Հեռուստատեսային հաղորդման շրջանակներում ԱՀԹ Սրբոց Առաքելոց եկեղեցու երիտմիության ատենապետ, ՀԵՀԵՄ կամավոր Դիանա Շախբազյանը ներկայացրեց Սուրբ Սարգսի տոնին կայանալիք երիտասարդական նախաձեռնությունները։

 

Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունները այցելեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրման էր ներկայացված 18-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը:

Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի գործակցությամբ 8-րդ անգամ իրականացվեց «Իմ գաղտնի գրքասեր» ծրագիրը։