Նոր երիտասարդներ միացան Շիրակի թեմի երիտասարդաց միությանը
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնին կազմակերպեց ծանոթացման հանդիպում բոլոր այն երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են միության գործունեությամբ, ցանկանում են համալրել միության շարքերը։
Թեմի երիտասարդաց միության պատասխանատուն ներկայացրեց միության հիմնական գործունեությունը, նպատակը, առաջնահերթություններն ու տեսլականը՝ շեշտադրելով երիտասարդների մասնակցության կարևորությունը եկեղեցանպաստ գործունեության մեջ։
Օրվա խորհրդով պայմանավորված՝ երիտասարդների հետ երիտասարդության, սիրո, Սուրբ Սարգսի բարեխոսության, քրիստոնեական ընտանիքի մոդելի մասին հոգևոր զրույց անցկացրեց Իսահակյանի հովվության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարդարյանը։
Մինչ հանդիպման ավարտը ներկաները KAHOOT կրթական հարթակի միջոցով միասին մասնակցեցին վիկտորինայի: Վիկտորինայի ընթացքում հնչեցին թեմատիկ հոգևոր հարցեր, որոնց առավել արագ և առավելապես ճիշտ պատասխաններ հնչեցրած երիտասարդներից Տիգրան Դավթյանը ճանաչվեց հաղթող՝ ստանալով նվեր Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիք» աշխատությունը։
Աղբյուր՝ www.facebook.com