Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ ՆՈՒՌ Երիտասարդական միության անդամները ուխտագնացություն կազմակերպեցին ռուսական հնագույն Յարոսլավլ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի: Ուխտագնացությանը մասնակցեցին ավելի քան 150 ուխտավորներ։ Ուխտավորներին ճանապարհին ուղեկցում էին երիտասարդների հոգեւոր պատասխանատու Երվանդ քահանա Երանյանը, Արտակ քահանա Սուլթանյանը և ՆՈՒՌ Երիտասարդական միության ատենապետ Վարդան սարկավագ Պողոսյանը։
Եկեղեցու բակում հյուրերին դիմավորեցին Յարոսլավլի մարզային «Նաիրի հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ավետիսյանը և տեղի երիտասարդական կազմակերպության անդամները։
«Մենք երկար ճանապարհ ենք անցել, հարյուրավոր կիլոմետրեր ենք անցել, որպեսզի միասին Պատարագ մատուցենք և գոհաբանական աղոթք բարձրացնենք Ամենակալին։ Քրիստոնյայի կյանքն առաջին հերթին պայքար է, որը տեղի է ունենում լույսի և խավարի միջև, իսկ մարտի դաշտը մարդկանց սրտերն են։ Միասին մենք պետք է դիմադրենք չարին և դիմադրենք այն ամենին, ինչը մեզ բաժանում է Աստծուց: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ձգտի դեպի այն լույսն ու ճշմարտությունը, որը Տերն ինքն է մեզ սովորեցնում Սուրբ Գրքի միջոցով»,- իր քարոզում նշեց պատարագիչ քահանա Տեր Երվանդը։
Պատարագի ավարտին ուխտավորները հրավիրվեցին ճաշի, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական պարի վարպետության դաս։ Դասընթացը վարում էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանող, պարուսույց Կարապետ Նալբանդյանը։
Բացի ծխականներից, ուխտագնացությանը մասնակցեցին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական ասոցիացիաների, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվա քաղաքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։