• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Շատ ավելի պատրաստ լինենք»․ Հիշատակի օր ՀՀ ՊԿԱ-ում

Սեպտեմբերի 27-ին Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին տարբեր կրթօջախներում։ Դրանից անմասն չմնաց նաև ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիան։ Այստեղ 44-օրյա պատերազմում զոհված ակադեմիականների հիշատակին նվիրված պաշտոնական արարողություն անցկացվեց։ Ակադեմիայի երկրորդ հարկում բացված 203 լսարանն անվանակոչվեց զոհված մագիստրանտ Դավիթ Բաղդասարյանի, շրջանավարտներ Արմեն Բաբայանի, Սևակ Սաղաթելյանի, Ավետիք Կարճիկյանի և Ակադեմիայի աշխատակից, լուսանկարիչ Հարություն Ստեփանյանի անուններով, իսկ վերջիններիս հարազատներին հուշանվերներ հանձնվեցին։ Բացի այդ, Ակադեմիայի բակում տնկվեց եղևնի՝ ի հիշատակ զոհված տղաների։

Արարողությանը հրավիրված էր նաև ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ, Մայր Աթոռի միաբան Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Նա հանդես եկավ օրհնության խոսքով և աղոթքով։ Նրան ուղեկցում էր ՀԵՀԵՄ ԿԳ-ի աշխատակազմին միացած Գրիշա սարկավագ Հարությունյանը։ Հայր Սուրբն իր խոսքում մասնավորապես ասաց․

-Քիչ առաջ մի միտք հնչեց՝ թող սա վերջինը լինի։ Բայց, ինչպես գիտեք, պատերազմները երբեք չեն դադարելու գոնե մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Աստված տա՝ հետագա պատերազմներին հոգեպես, բարոյապես և ֆիզիկապես շատ ավելի պատրաստ լինենք և շատ ավելի իրական, շոշափելի հաղթանակներ տանենք և մեր ապագա սերունդներին քիչ խնդիրներ թողնենք։

Yandex.Metrica