• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Խաչքարի տեղադրում և օծում Արդարադատության ակադեմիայում

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների, Արդարադատության ակադեմիայի այգում տեղադրվեց և օծվեց խաչքար: Միջոցառմանը հրավիրված էր նաև ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը, որի  ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: Հայր սուրբը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ խաչքարը պատերազմում բոլոր զոհվածների հիշատակին է տեղադրվել, հետևաբար այն բոլոր զինվոր կորցրած ընտանիքների համար պիտի դառնա սրբատեղի, որտեղ պիտի գան ծնողները և իրենց աղոթքն ուղղեն Աստծուն նահատակների համար։ Բացի այդ, խաչքարը պիտի կարևոր նշանակություն ունենա Ակադեմիայի ուսանողների համար, իսկ պատերազմում հաղթում են ոչ միայն զենքով, այլև կրթությամբ։ Մանավանդ որ այդ հաստատությունից դուրս են գալիս երիտասարդներ, որոնք մասնակցում են պետության կառավարմանը և ամրացմանը։

 

Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները,  գործընկեր կառույցների ներկայացուցիչները, Ակադեմիայի ունկնդիրները, աշխատակազմը, հյուրեր: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում ընկածների հիշատակը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ ապրողների պարտքն է հիշել ու հիշատակել մեր անմահացած հերոսներին. նրանց պիտի հիշեն նաև գալիք սերունդները: Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանն էլ իր հերթին նկատեց, որ խորհրդանշական ու կարևոր է, որ խաչքար է տեղադրվում պետական ծառայողներ պատրաստող հիմնարկում: 

Իսկ Կառավարման խորհրդի անդամ Երեմ Եսոյանը հորդորեց չմոռանալ մեր անցյալը, կորուստները, բայց և ապրել ու իրենց հիշելով ապրեցնել սերունդներին:

Yandex.Metrica