Նոյեմբերի 22-ին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանին։
Քննարկվեց հանրային դեմքերի մասնակցությամբ բարեգործական ծրագրեր իրականացնելու գաղափարը, որի հիմնական նպատակը երիտասարդական և պատանեկան կենտրոնների ստեղծումն է մասնավորապես Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում։
Երկուստեք մտքեր փոխանակվեցին երիտասարդական կյանքն էլ ավելի աշխուժացնելու ուղղությամբ, ինչին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց երգչուհին։
Հայր Թովման իր հերթին շնորհակալություն հայտնեց Զարուհի Բաբայանին՝ առաջարկվող ծրագրերին մասնակցություն ունենալու և օգտակար լինելու համար։ Հայր սուրբը բարի համագործակցություն մաղթեց, որը կմեկնարկի առաջիկայում բարեգործական մասշտաբային ծրագրի գործարկումով։