• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Արցախի թեմ

Թեմի պատմությունը

Քրիստոնեության մուտքը Հայաստան աշխարհ սկսվել է դեռևս I դարից և տարածվելով ողջ երկրում հասել է Հայոց Արևելյան կողմանքը, ուր տարածված էր պատմական Հայաստանի տասներորդ նահանգը՝ Արցախը: Հենց Արցախի սահմանագծին՝ Արտազում էլ նահատակվեց քրիստոնեությունը Հայաստանում տարածելու համար եկած Թադեոս առաքյալը: Առաքյալի նահատակման լուրը Երուսաղեմ է հասցնում նրա աշակերտներից մեկը՝ Եղիշեն, որը ստանալով իր ձեռնադրումը վերադառնում է ետ և շարունակում է իր ուսուցչի կիսատ թողած գործը Աղվանից աշխարհում: Շուտով Թադեոսի բախտին է արժանանում նաև Եղիշեն: Սակայն II-III դդ. Արցախում առկայծող քրիստոնեության լույսը չի մարում, այլ բռնկվում է նոր ուժով՝ շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ տեղի ունեցած Հայոց Դարձի:

Կեսարիայից վերադառնալուց հետո Գրիգոր Լուսավորիչը սկսում է եկեղեցիներ հիմնել Հայոց աշխարհի տարբեր վայրերում: Դրանցից մեկը IV դարում նա հիմնում է Ամարասում՝ հիմք դնելով Աղվանքի Հայոց թեմին:

Արցախի թեմը գոյատևեց մինչև 1930թ., երբ խորհրդային իշխանության համաձայնությունը ստացած Ադրբեջանը փակեց այն:

Շուրջ կես դար Արցախի հողի վրա լռեցին Հայ եկեղեցու զանգերը: Փակվեցին բոլոր եկեղեցիներն ու վանքերը: Նրանց մի զգալի մասը ենթարկվեց ավերածությունների:

Սակայն Արցախի հավատավոր ժողովուրդը չհամակերպվեց այդ բռնություններին և 1988թ. ժայթքեց Ղարաբաղյան հուժկու շարժումը: Զարթոնք ապրեց նաև հոգևոր կյանքը:

Եվ ահա 1989թ. Արցախ աշխարհում վերականգնվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Թեմի ստեղծման կոնդակը ստորագրեց Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսը: Որպես թեմի հոգևոր տարածք հաստատվեց 1836թ. թեմի ունեցած տարածքը:

Կրկին սկսեց գործել Գանձասարի վանքը: 1989թ. հոկտեմբերի 1-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ կիրակնօրյա պատարագ, որը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այսօր, չնայած մեծ կորուստներին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի Թեմը նորից կյանք է առել և ունի մեծ կամք ու տեսիլք` նորից արարելու։ Արցախի թեմի նորանշանակ Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը բազմաթիվ նոր ծրագրերով նոր իմաստ և որակ է հաղորդել թեմի գործունեությանը և փորձում է մեր ժողովրդի հոգևոր կյանքում ավելիով ներկա լինել և հետպատերազմյան շրջանում Աստծո թարգմանը լինել Արցախցիների կյանքում։

Մանրամասն՝ ⇢

Տեղեկատվական էջ՝

Պաշտոնական կայքէջ՝

? ՀԱՍԵ Արցախի թեմ

facebook՝

? ՀԱՍԵ Արցախի թեմի տեղեկատվական և լրատվության բաժին

instagram՝

? ՀԱՍԵ Արցախի թեմի տեղեկատվական և լրատվության բաժին

հեռ․՝ ? +374(47)95-44-85

էլ.-հասցե՝ ? info@artsakhdiocese.am