• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Բրազիլիայի հայոց թեմ

Բրազիլիայի հայոց թեը կազմավորվել է 1983 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցի։

Թեմի վարչական տարածքն ընդգրկում է գլխավորապես Սան Պաուլո, Օզասկու, Ռիո դե Ժանեյրո և մի քանի այլ քաղաքներ, որտեղ բնակվում են մեծաթիվ հայ ընտանիքներ։ Առաջին հայ հոգևորականը, որը 1923 թվականին Մերձավոր Արևելքից գաղթածների հետ հաստատվել է Բրազիլիայում, Գաբրիել ավագ քահանա Սամուելյանն էր։ Նոր վերաբնակեցվածները կազմել են հանձնաժողով՝ գաղութը կազմակերպելու և վարչություն ստեղծելու համար։ Հանձնաժողովը դիմել է ամերիկահայոց թեմի առաջնորդին (Նյու Յորք)՝ իրենց վարչությունը վավերացնելու և Բրազիլիայի հայ համայնքի եկեղեցի ու ազգային կյանքն իր հովանու տակ առնելու խնդրանքով։ 1933 թվականին Բրազիլիան ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հայրապետ. պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես)։ Հայրապետական պատվիրակ է նշանակվել Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը (1938- 1951, 1951-1961 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք)։ 1983 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թեմերի։ Բրազիլիայում առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, կառուցվել է 1935 թվականին, Օզասկոյում (ներկայումս եկեղեցու սպասարկումը կատարում են Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանաները)։ Բրազիլիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1938 թվականին, վերակառուցվել՝ 1948 թվականին։ 1980-2014 թթ. Բրազիլիայի թեմի առաջնորդ է եղել Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը։

2014 թվականի մարտի 31-ին Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տեր Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Գսաճըգյանի, թեմի պատգամավորական ժողովը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին։

Թեմում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում երկու քահանաներ՝ Տ. Եզնիկ ավագ քահանա Կյուզելյան և Տ. Պողոս ավագ քահանա Պարոնյան։

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/IgrejaApostolicaArmeniadoBrasil

Էլեկտրոնային հասցե՝ comarmeniabr@terra.com.br