• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Թեյախմություն և ոչ միայն. մեկնարկեց ՀԵՀԵՄ «Զրուցարանը»

Դեկտեմբերի 15-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց «Զրուցարան» երիտասարդական նախագիծը, որի առաքելությունը ՀԵՀԵՄ-ական երիտասարդների համար մտերմիկ զրույցի ապահովումը, կարծիքի արտահայտումն ու առողջ բանավեճն է երիտասարդական թեմաների շուրջ՝ քրիստոնեական լույսի ներքո։ «Զրուցարանում» երիտասարդներն են ընտրում զրույցի թեման և մոդերատորին, որն իր հերթին զրույցի ավարտին մոդերատորությունը հանձնում է մեկ ուրիշին, ով հաջորդ հանդիպմանը պետք է վարի «Զրուցարանը», ընտրի թեման և ապահովի երիտասարդների ակտիվ ու անմիջական շփումը։

Այսօր՝ «Զրուցարանի» առաջին հանդիպման մոդերատորն Անի Մկրտչյանն էր, ով նաև այս տարի Երևանի Քաղաքապետարանի կազմակերպած մրցույթում ճանաչվեց «Լավագույն կամավոր»: Քանի որ այսօր Թեյի միջազգային օրն էր, «Զրուցարանը» մեկնարկեց թեյախմությամբ և  թեյին նվիրված հետաքրքիր տեղեկատվության մատուցմամբ, որ պատրաստել էին հենց իրենք՝ երիտասարդները: «Զրուցարանի» անդամները անդրադարձան թեյախմության մշակույթին, պատմեցին, թե ինչ թեյ են նախընտրում և ինչպես են սիրում ըմպել այն։ Խոսվեց նաև թեյի ծագման, բուժիչ հատկությունների և հնարավոր վտանգների մասին։ Ինչպես ասաց մասնակիցներից Էլենը, թեյը լավագույն առիթն է ընկերների հետ մտերմիկ զրույցի։

Անին քննարկման համար հոգևոր թեմա  էր ընտրել  Մկրտությունը։ Երիտասարդները թեյի սեղանի շուրջ խոսեցին մկրտության մասին իրենց պատկերացումներից, մկրտության ժամանակ ունեցած ապրումներից և իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀԵՀԵՄ-ում նշանակված բարեշնորհ Գրիշա և Արման սարկավագներին, ովքեր սիրով պատասխանեցին հնչած հարցերին և իրենց դիտարկումներն արեցին։

Ջերմ և մտերմիկ հանդիպումն ավարտվեց միասնական աղոթքով:

Հաջորդ հանդիպումը վարելու համար Անին մոդերատորությունը փոխանցեց Գրիգոր Թարվերդյանին:

 

Տեսանյութը՝  Էլեն Ծատուրյանի

Մանե Մնացականյան
Մանե Մնացականյան
տեքստի հեղինակ