Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում ամփոփվեցին հուլիսի 4-7-ը անցկացված «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության արդյունքները։
Կազմակերպիչները երախտագիտությամբ անդրադարձան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնության ու աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ 350 հոգի ՀԵՀԵՄ տանիքի տակ համախմբելու առիթի ընձեռմանը։ Հայ երիտասարդությանը համախմբող ազգային հոգևոր այս միջոցառումը սփյուռքահայ երիտասարդների հոգում վերարթնացրեց սերն առ հայրենիք, ամրապնդեց հավատքը և վերահաստատեց նրանց ուխտը դեպ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ուխտագնացության ընթացքում երիտասարդների կողմից եղան տարբեր մրցունակ ու արդյունավետ ծրագրերի քննարկումներ։
Երախտարժան է նաև ուխտագնացության մասնակից թեմերի, թեմակալ Առաջնորդների և քահանաների ներկայությունը։
Ուխտագնացությանն իրենց անմիջական մասնակցությունը բերելու համար մեծապես գնահատելի էր մի շարք պետական անձանց ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանի, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և նրանց գլխավորած գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի Պետական կառույցների հարաբերությունների գծով խորհրդական Նվարդ Վարդանյանի ներկայությունը։
Ուխտագնացության կազմակերպչական հարցերին նպաստել է «Feel Armenia» տուրիստական կազմակերպությունը, իսկ ազգային երգ ու պարով համեմել՝ «Գաթա Բենդը»՝ ի դեմս Անդրանիկ սարկավագ Մանուկյանի և «Սասուն» ազգային-պարի համույթը։ Ուխտագնացությունը լուսաբանել և տեխնիկական հարցերով զբաղվել է «Formica Production»-ը։
Ուխտագնացությունն արդյունք էր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Պետական և հասարակական կապերի, Թեմերի գծով ու Արարողակարգային հարցերով զբաղվող բաժինների հաջող համագործակցության։ Ուխտագնացության հոգևոր առաջնորդությունն ստանձնել էին Գևորգյան հոգևոր ճեմարանի յոթ սաներ։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի առաջիկա անելիքներից են ՀԵՀԵՄ տարածաշրջանային միջոցառումների, ուխտագնացությունների իրականացումը՝ Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։