Իսրայելցի հնագետները տասը տարվա հետազոտություններից հետո վերծանել են մ.թ․ա VIIIդ․-ին պատկանող գրությունը, որը մարդու ձեռքի ափաչափ քարե աղյուսակի վրա է եղել։
Արտեֆակտը հայտնաբերվել է 2007-ին՝ Երուսաղեմի «Դավթի քաղաք» ազգային պարկի պեղումների ժամանակ, սակայն մակագրությունը միայն վերջերս է վերծանվել:
Այն վերծանվել է Հայֆայի համալսարանի Աստվածաշնչի ուսումնասիրությունների և Հնագույն պատմության ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Գերշոն Գալիլի և իր աշխատակցի կողմից:
Պարզվել է, որ բիբլիական թագավորի անունը մասամբ է նշված արձանագրության մեջ, և բացակայող հատվածը պետք է լրացնել ամբողջ արձանագրությունը կարդալու համար, որն իրականում Եզեկիա արքային վերաբերվող աստվածաշնչյան տեքստի որոշակի հատվածի կրկնությունն է։
Արձանագրությունը վերաբերում է Եզեկիա թագավորին և նրա նվաճումներին, ինչը համահունչ է II Թագավորաց 20 աստվածաշնչյան հատվածին: Նաև նշվում է, որ Եզեկիան անում է «այն, ինչ հաճելի է Տիրոջը այն ամենում, ինչ արել է նրա հայր Դավիթը» (Բ Մնացորդաց 29:2)։
Եզեկիան Աստվածաշնչում մի քանի անգամ հիշատակվում է ջրավազանների և թունելների կառուցման հետ կապված, և հենց այդպիսի «ավազանում» էլ, որը գտնվում է Գիհոն աղբյուրի տարածքում, գտնվել է մակագրությամբ քարը։
Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ամբողջական գրությունը եղել է հետևյալը՝ «Եզեկիան լողավազան շինեց Երուսաղեմում»։
Հայֆայի համալսարանի աստվածաշնչագետ Գերշոն Գալիլը նշում է. «Սա չափազանց կարևոր հայտնագործություն է, որը փոխում է հիմնական որոշ ենթադրություններ, քանի որ մինչ այժմ ընդհանուր առմամբ ընդունված էր, որ Իսրայելի և Հուդայի թագավորները, ի տարբերություն Հին Մերձավոր Արևելքի արքաների, թագավորական արձանագրություններ ու հուշարձանները չէին թողել՝ ի հիշատակ իրենց նվաճումների:
«Իրականում սրանք Աստվածաշնչի ամենավաղ ձեռագրերն են։ Դրանք մոտ 100 տարով ավելի հին են, քան Քեթեֆ Հինի արծաթե ամուլետները, իսկ Մեռյալ ծովի մատյաններից՝ հարյուրավոր տարիներով: Դրանք նաև հաստատում են այն պնդումը, որ Թագավորների Գրքի Գրությունները հիմնված են տարեգրություններից և թագավորական արձանագրություններից ստացված տեքստերի վրա, և որ Աստվածաշունչն արտացոլում է պատմական իրականությունը, ոչ թե՝ երևակայությունը», — ավելացրեց Գերշոն Գալիլը, հայտնում է cnl.news -ը։