4-րդ դար, Կապադովկիա։ 10 երեխա աշխարհին պարգևած ընտանիքի հայրն այդ ժամանակներում և այդ կողմերում հայտնի ճարտասան Բարսեղն էր, իսկ մայրը՝ Էմելիան, որ հետագայում դարձավ Սուրբ Էմիլիա Կեսարացի։ Ազնվական և մեծահարուստ ընտանիք էր այս ընտանիքը։
Այս ամուսնական զույգի զավակները փառավորվում են որպես սուրբեր։ Ավագ որդին տիեզերական մեծ վարդապետ Սուրբ Բարսեղ Մեծն էր։ Նա մանկուց էր ծանոթ Աստվածաշնչին:
Սուրբ Բարսեղ Մեծը Եկեղեցու նշանավոր հայրերից և աստվածաբաններից է: Լինելով Կեսարիայի հայրապետը՝ նա թողել է մի այնպիսի ժառանգություն, որը, դուրս ելնելով իր ապրած ժամանակից և վայրից, սփռվել է քրիստոնյա աշխարհով մեկ: Նրա գրչին են պատկանում Սուրբ Պատարագի խորհրդակատարության աղոթքների զգալի մասը, մեկնություններ, աստվածաբանական երկեր և կանոններ, առանց որոնց դժվար է պատկերացնել մեր քրիստոնեական իրականությունը: Սուրբ Բարսեղն ապշեցնում էր ժամանակակիցներին իր գիտելիքների պաշարով: Նա հմուտ էր ինչպես աստվածաբանության, այնպես էլ փիլիսոփայության, հռետորության, աստղագիտության ու բժշկության մեջ: Նրա կյանքի ականատես սուրբ Գրիգոր Աստվածաբանի ազգական Ամփիլոքոս Իկոնիացին (Դ դ․ 2-րդ կես) ասում է. «Նա մի նավ էր՝ այնքան ծանրաբեռնված գիտելիքներով, որքան կարող է կրել մարդկային բնությունը»:
Ընտանիքի կրտսեր որդին՝ Սուրբ Գրիգոր Նյուսացին էր։ Երկու եղբայրները Գրիգոր Նազիանացու հետ մտնում են «երեք մեծ կապադովկիացիներ» եռյակի մեջ։ Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում՝ դառնալով երկու զավակների հայր։ 365 թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, եղբորը կարգում է հայաբնակ Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական Վաղես կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378 թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը՝ «Վեցօրեայքը»։
Ընտանիքի ավագը կանանց վանականության հիմնադիր Սուրբ Մակրինան էր։
Երբ Մակրինան դարձավ 12 տարեկան, նրա գեղեցկությունը աչքի էր զարնում, և հայրը նրան նշանեց մի արժանավոր երիտասարդի հետ, որը լավ համբավ ուներ ու կրթված էր։ Փեսան խոստացավ սպասել մինչև Մակրինան կհասներ պատշաճ տարիքի և կամուսնանար։ Բայց Աստված երիտասարդին իր մոտ տարավ ավելի վաղ։ Դա թույլ տվեց սրբուհուն կատարել իր գաղտնի ցանկությունը՝ պահպանել կուսությունը Աստծո համար: Շատ երիտասարդներ էին ցանկանում ամուսնանալ Մակրինայի հետ, սակայն աղջիկը գերադասեց իրեն այրի համարել՝ չճաշակած ամուսնական կյանքի ուրախություններն ու հաճույքը։
Մակրինան հրաժարվեց աշխարհից և մնաց մոր մոտ՝ օգնելով նրան բոլոր տնային գործերում, նույնիսկ այնպիսիք, որ սովորաբար կատարում էին ստրուկները, նաև օգնում էր եղբայրներին ու քույրերին մեծացնել։ Հոր մահից հետո (341 թ.) Մակրինան ստանձնեց Պոնտոսի, Կապադովկիայի և Հայաստանի բոլոր ընտանեկան կալվածքների տնօրինությունը։ Մայր ու աղջիկ միասին անցկացրին իրենց ասկետիկ կյանքը, և Մակրինան ամբողջ ընտանիքի համար դարձավ դաստիարակ ու առաքինության օրինակ:
Երբ զավակները մեծացան, Էմիլիան իր ողջ ունեցվածքը բաժանեց նրանց և Անիսում ընտանեկան կալվածքը մենաստանի վերածեց, որի առաջին միանձնուհիները իր հետ միասին դարձան իր ստրկուհիները և դուստրը։
Կանանց մենաստանին մոտ հիմնվեց տղամարդկանց վանք՝ ընտանիքի կրտսեր որդու՝ Պետրոսի ղեկավարությամբ, որը հետագայում դարձավ Սեբաստիայի եպիսկոպոսը։
Եղբայրներից մյուսը՝ Սուրբ Նաուկրատիուսը անապատ քաշվեց՝ Իրիս գետի մյուս ափին, որտեղ հետագայում ապաստանեց նաև Բարսեղ Մեծը։
Մակրինային հարվածեց ծանր հիվանդությունը. նա ուռուցք ուներ։ Չնայած մոր հորդորներին՝ հրաժարվեց բժշկի օգնությունից՝ հավատալով, որ կուրծքը օտար տղամարդու առաջ մերկացնելն իր հիվանդությունից ավելի վնասակար է։ Մակրինան գիշերեց եկեղեցում՝ գետնատարած աղոթելով։ Արցունքներով թրջեց հատակը, իսկ հետո ցավոտ տեղը շփեց արցունքախառն հողով։ Առավոտյան նա մորը խնդրեց կրծքավանդակի վրա խաչ նկարել, և ուռուցքն անհետացավ՝ թողնելով միայն մի փոքրիկ սպի:
Այս ընտանիքի երեխաներից ոմանք իրենց համար ընտրեցին կուսությունը, ոմանք ամուսնացան։ Ընտանիքի բոլոր տասը երեխաները (մեկը մահացել էր մանկահասակ տարիքում), ըստ սուրբ Գրիգոր Աստվածաբանի վկայության, դրսևորել են «գերազանցություն», «առաքինության մեջ հաջողել», և այդ հաջողությունը եղել է ծնողական աշխատանքի արդյունք։
Իհարկե, պատմությանը հայտնի են ոչ քիչ սրբակենցաղ ընտանիքներ։ Բայց այս ընտանիքի դեպքում հատկանշականն այն է, որ առաջին ձեռքից ենք ստանում տեղեկատվությունը։ Սուրբ Գրիգոր Նյուսացին, «Սրբուհի Մակրինայի կյանքի մասին պատմություններ գրքում» նկարագրել է իր ավագ քրոջ կյանքը: Բարսեղ Մեծը ևս մի քանի դիտարկումներ է արել իր ստացած դաստիարակության մասին։ Նաև Բարսեղ Մեծի ընկերը, ընտանիքի մեծ բարեկամ, տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Աստվածաբանն է հիացական խոսքեր թողել այս հրաշալի ընտանիքի մասին։