• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու դեմ խտրականության մասին

Մարտի 24-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակել է զեկույց Ուկրաինայում կրոնի ազատության վերաբերյալ՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, որտեղ կրոնի ազատության բաժիններից մեկում նշվում է Ուկրաինայում տեղի Ուղղափառ եկեղեցու հանդեպ խտրականության դրսևորման մասին,- հայտնում է «Ուղղափառ լրագրողների միությունը»։

Խոսքը, մասնավորապես, 8221, 8262 և 8371 օրինագծերի մասին է, համաձայն որոնց խտրականություն է դրսևորվել ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ, ինչպես նաև մտահոգություն է հայտնվել Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից տեղի ուղղափառ եկեղեցու հանդեպ այսպես կոչված «անվտանգության միջոցների» կիրառման հարցում։

«ՈՒԱԾ—ն խուզարկություններ է կատարել (դրանցից մի քանիսը կոչվում են «անվտանգության միջոցներ») Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու մի քանի վանքերում, գրասենյակներում, ուսումնական հաստատություններում՝ Կիևում, Ռիվնեում, Ժիտոմիրում, Իվանո-Ֆրանկովսկում, Չեռնովցիում, Դնեպրոպետրովսկում, Խմելնիցկիում, Չերկասիում, Վոլինի, Խերսոնի, Տերնոպոլի, Պոլտավայի և Անդրկարպատյան շրջաններում»,- ասվում է զեկույցում։

«Որոշ դեպքերում ՈՒԱԾ—ի աշխատակիցները պոլիգրաֆի միջոցով հարցաքննել են մի քանի հոգևորականների: Ծառայությունը հաստատել է, որ Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել առնվազն երեք կետով՝ առաջինը՝ Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով (ռասայական, ազգային, կրոնական, հաշմանդամության կամ այլ հիմքերով քաղաքացիների իրավահավասարության խախտում) և երկրորդը՝ տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և Ուկրաինայի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություն, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի ժխտում։ Առնվազն երկու կասկածյալ գտնվում է շուրջօրյա տնային կալանքի տակ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգված է, որ Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու դեմ պետության գործողությունները կարող են խտրական լինել: Գրասենյակը նաև հիշեցնում է, որ անհրաժեշտ են երաշխիքներ, որպեսզի բոլոր այն անձինք, որոնց դեմ քրեական մեղադրանքներ են հարուցված, օգտվեն արդար դատաքննության կիրառելի իրավունքների ողջ գործիքակազմից», — նշվում է զեկույցում։