• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Քավիչ սեր»․ ֆիլմ ճշմարիտ սիրո մասին

Ֆրենսին Ռիվերսի վեպի հիման վրա Միացյալ Նահանգներում էկրան է բարձրացել  «Քավիչ սեր» ֆիլմը։ Վեպը ավելի քան 15 տարի եղել է գեղարվեստական ​​բեսթսելերների ցանկում։ Այս ընթացքում գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ է վաճառվել, հրատարակվել՝ ավելի քան 30 լեզուներով։

The Christian Post-ին տված հարցազրույցում վեպի հեղինակը խոստովանել է, որ տարիներ շարունակ երազել էր դրա մասին. «Դա երկար ճանապարհ էր: Հուսով եմ, որ ֆիլմը ցույց կտա աշխարհին, թե ինչպիսին է իսկական սերը»:

Մի քանի տարի շարունակ գրողն իր վեպի այս կամ այն ​​սցենարով տարբեր առաջարկներ էր ստանում, սակայն, ըստ նրա, դրանցից ոչ մեկը չէր արտացոլում գրքի հիմնական ասելիքը։

«Ոչ մի սցենար չէր փոխանցում գլխավոր հերոսի քրիստոսանման նկարագիրը, և ես չէի կարող հավանություն տալ դրան: Այն պետք է նմանօրինակը լիներ այն սիրո, որ Աստված ունի Իր ժողովրդի հանդեպ»,- ասել է գրողը:

Չգտնելով համապատասխան սցենար՝ Ռիվերսը որոշեց ինքը դառնալ այդ սցենարիստը։

Ֆիլմի ռեժիսորն է Դ. Ջ. Կարուզոն, իսկ պրոդյուսերները՝ Ռոմա Դաունին (աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերի ռեժիսոր) և Սինդի Բոնդը (որն ավելի վաղ աշխատել էր ”I Can Only Imagine”-ում):

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1850-ին՝ Կալիֆորնիայի ոսկու տենդի ֆոնին։ Սյուժեի առանցքում մի երիտասարդ աղջիկ է, որին մանուկ հասակում վաճառել են հասարակաց տանը: Նա ապրում էր ատելության և բռնության մեջ մինչև որ հանդիպեց մի պարզ քրիստոնյա տղայի, ով հետագայում իր սիրով ապացուցեց սիրող Հոր գոյությունը։

«Ես ուզում էի, որ հանդիսատեսը տեսներ այդ տարբերությունը, թե ինչն է աշխարհը անվանում սեր, և ինչպիսին է իրական սերը», — նշել է Ռիվերսը:

Ֆիլմից ստացված ողջ շահույթը կուղղվի «Sanctuary of Redeeming Love» հիմնադրամին: «Մեր առաքելությունն է օգնել վերջ տալ մարդկանց թրաֆիքինգին և սեռական շահագործմանը՝ ֆինանսավորելով դրանք վերապրածների աջակցության ծառայությունները, վերապատրաստման և վերականգնման ծրագրերը Միացյալ Նահանգներում և արտերկրում», — ասել է Ռիվերսը:

«Ես շատ երախտապարտ եմ Աստծուն, որ Նա կարող է օգտագործել ցանկացած բան, նույնիսկ արվեստի գործ՝ Իր սիրելի զավակների սրտեր մուտք գործելու համար», — նկատել է Ռիվերսը:

Նա նշել է, որ իր մեծ երազանքն է, որպեսզի մարդիկ հեռանան կինոթատրոններից՝ «հասկանալով, թե որքան համբերատար, ջերմ և գեղեցիկ է Աստծո սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ»: