Ամեն անգամ, երբ հասուն (միայն՝ անձնագրով) տղամարդիկ, նստած իմ աշխատասենյակում, իրենց մանկության խնդիրները վերածում են պաշտամունքի և ամեն ինչ անում են, որպեսզի գոնե ինչ-որ մեկը լուծի այդ խնդիրներն իրենց փոխարեն, ես մտածում եմ իմ տասներեքամյա այցելու Միշայի մասին …
Միշան տղամարդ է, և սա ասում եմ առանց չափազանցության կամ ավելորդ հաճոյախոսության: Այնպիսի տղամարդ, ում թիկունքում կարող է պաշտպանվել նույնիսկ հասուն կինը։ Սրանք ենթադրություններ չեն։
Նրա թիկունքում մայրն է՝ վաստակավոր հարբեցող, վաղուց ամեն տեղից վռնդված, ողորմելի ու կամազուրկ մի կին։ Նաև՝ Տանյան՝ չորս տարեկան քույրը: Հայրը փախել է այս ընտանեկան դժոխքից՝ չցանկանալով ոչ պաշտպանել այն կնոջը, ում նախկինում սիրում էր, ոչ էլ պաշտպանել երեխաներին նրանից: Նա իրեն ապահովագրել է չնչին ալիմենտ վճարելով, և իր պարտականությունն այդքանով համարում է կատարված…
Ինչո՞ւ է այդպես…
Տղան մոտեցավ ինձ դպրոցում իմ կամավորական աշխատանքի ընթացքում, երբ ասացի, որ բոլորը կարող են ականջիս, բոլորից թաքուն պատմել իրենց կյանքում վատագույն բանի մասին։
Միշայի համար ամենասարսափելի հարցը պարզվեց սա էր՝ ինչպե՞ս վարվել մոր հետ նրա դժվարին պահերին, և — ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն – ինչպե՞ս օգնել նրան, որ նա չտառապի, չանհանգստանա և այդքան չլացի… Իսկ ինչպես օգնել հենց իրեն, տղան չհարցրեց…
Մենք ընկերներ դարձանք։ Երբեմն, ամենադժվար օրերին, ես վերցնում եմ Տանյային՝ լուռ, համեստ աղջնակին, որը դողալու աստիճան սիրում է իր դժբախտ մորը…
Ինչի՞ շնորհիվ և ինչպե՞ս են այս երկուսը դիմանում: Միայն մի բանի, որ Միշան, ինչպես արդեն ասացի, տղամարդ է…
Ստանալով չնչին ալիմենտ և երեկոյան փոստարկղերում գովազդային աղբ նետելով լրացուցիչ գումար վաստակելով՝ նա մանրակրկիտ պլանավորում էր ընտանեկան բյուջեն։ Կանոնավոր վճարում էր բնակարանի համար, գնում մթերք՝ նախապես պարզելով, թե որտեղ կան զեղչեր։ Օրերս պարծենում էր, որ զեղչով հիանալի զուգագուլպաներ է գնել Տանյայի համար:
Տանն ամեն ինչ մաքուր է։ Երբ ես գալիս եմ նվերներով, նա տղամարդու պես նախատում է ինձ իրենց երես տալու համար… Գործնական տեսքով նա ինձ նստեցնում է մաքուր լվացված խոհանոցում և մի մեծ բաժակ թեյ լցնում… Հետո մենք երկար զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ՝ զուտ կենցաղայինից (որտեղ Միշկան, ասում եմ առանց ավելորդ հեգնանքի, ինձ նույնիսկ կարող է դաս տալ) մինչև նոր լույս տեսած գրքերը։ Ես նրան ուղղակի գրքերի վրա «նստեցրի»՝ այդկերպ ինչ-որ մխիթարանք որոնելով տղայի համար.. .
Երբեմն սենյակից դուրս է գալիս մայրը, անգույն ու մեղավոր հայացքով նայում ինձ և հույսով՝ որդուն։ Միշկայի կապտուկներից ես ենթադրում եմ, որ հարբած ժամանակ նա մի լավ ստացել է… Բայց եթե ես մորը բռնացնեմ դրա մեջ, նա այլևս երբեք չի ընդունի իմ օգնությունը…
Հիմա՝ գլխավորըի մասին։ Միշայի համար մայրը սուրբ է․ Նա այն Աստվածամայրն է, ում ուղղում է իր մանկական աղոթքները։ Նա երբեք չի նախատում մորը, բայց բռունցքներով հարձակվում է հարևանների վրա, որոնք արհամարհանքով նետում են մոր հետևից՝ հարբեցո՛ղ…
Ես գրեցի Միշկայի մասին, որովհետև առավոտյան իմ աշխատասենյակում քառասունամյա մի տղամարդ, արցունքն աչքերին, հարցնում էր՝ ինչպես ազատվել իր կնոջից, որն աղաչում էր նրան կես դրույքով աշխատանքի անցնել… իսկ նա առանց այն էլ ահավոր հոգնում է երեք օրը մեկ պահակություն անելով….
Լիլիա Գրադ
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի