Պահպանելով Արագածոտնի Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմում ձևավորված գեղեցիկ ավանդույթը՝ ծխական երիտասարդաց միությունների այցելությունները, այսօր Թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը և թեմի քահանա հայրերը այցելեցին Լուսագյուղ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Հավատքի սերունդ» երիտասարդաց միությանը։

Հանդիպման ընթացքում երիտասարդներն ու հոգևորականները միասին աղոթեցին, զրուցեցին հոգևոր թեմաների շուրջ, կիսվեցին իրենց մտքերով, փորձառություններով և առաջիկա ծրագրերով։ Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ և անկեղծությամբ ուղղեցին իրենց տարաբնույթ ու կարևոր հարցերը հոգևորականներին։
Հայր Սուրբը երիտասարդներին պատգամեց շարունակել ապրել աղոթքով, ընդգծեց քրիստոնեական կրթություն ունենալու և դրանով ապրելու կարևոր դերը հավատացյալի և Եկեղեցու կյանքում` ընդգծելով, որ նման քրիստոնեական կրթություն ունեցող, մտածող և հավատքով ապրող երիտասարդներն են այսօր Եկեղեցու ամենամեծ ուժը, նրանք են ապագայի հենարանը, կենդանի կապը ավանդության ու ներկայի միջև, և հույսը՝ հրաշալի ապագայի։

Source: ⬅︎ ⬅︎