• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Աստված սեր է, ուստի պետք է ինքդ սեր լինես»․ Վազգեն դպիր Սարգսյան

— Ինչու՞ ընտրեցիք հոգևորականի ուղին:

— Առաջին և ամենակարևոր պատճառը հայրենասիրությունն էր։ Դա ինչ- որ մեկի կողմից արդեն հարթված ուղղով ընթանալու ձգտում է, անձդ ոչ միայն ազգիդ, այլև՝ ողջ մարդկությանը նվիրելու ցանկություն:

— Կբնութագրե՞ք Հայ հոգևորականին:

— Հոգևորականի առաջին ու ամենակարևոր հատկանիշը պետք է լինի սերը, ինչպես Վազգեն Առաջինն է ասել՝ սերը մայրն է բոլոր բարիքների։ Հոգևորականի գործը մարդկային ամենատարբեր շերտերի հետ է, ինչպես՝ հանցագործ և տարբեր մոլությունների տրված, այնպես էլ՝ առաքինի մարդկանց հետ։ Մարդկանց տարբեր շերտերին քրիստոնեություն քարոզելը չափազանց բարդ գործ է, ուստի հոգևորականը պետք է համակողմանի գիտելիքներ ու հմտություններ ունենա կյանքի ամենատարբեր ոլորտներից:

— Կրոնն ու հավատքն արդյո՞ք նույն բանը չեն:

— Ոչ, հավատքն ու կրոնը պետք չէ նույնացնել, որովհետև հավատքը կարող է լինել սոսկ համոզմունք ինչ-որ գերբնական գոյի նկատմամբ, իսկ կրոնը ավելի համալիր հասկացություն է, որը ներառում է ոչ միայն հավատքային, այլև՝ ծիսական, կանոնական և այլ տարրեր, մինչդեռ միայն հավատքի առկայության դեպքում կանոնականը պարտադիր չէ։ Եվ իհարկե, ինչպես Պողոս առաքյալն է ասում․«Հավատքն առանց գործերի մեռած է, և գործերն առանց հավատքի՝ ունայն» (Հակոբոս 2.17):

— Հավատալ այն ամենին, ինչ գրված է Ավետարանում, արդյո՞ք ֆանատիզմ չէ։

— Չմտնելով աստվածաբանության ոլորտ՝ փորձեմ բացատրել։ Քրիստոնեության մեջ շատ կարևոր է դատողականությունը ,և ինչպես Քրիստոս է պատվիրել, պետք է քննել գրքերը։ Դատողականությամբ քննելով գրքերը՝ կտեսնենք, որ ցանկացած տող ճշմարիտ է և արժանահավատ։

— Կարո՞ղ է ճշմարիտ քրիստոնյան երբևիցե կասկածել:

— Իմ կարծիքով, ոչ միայն շարքային հավատացյալը, այլև՝ հոգևորականը, եթե երբևիցե չի ընդվզել, չի վիճել Աստծո հետ, ապա ճշմարիտ հավատացյալ, առավել ևս՝ հոգևորական լինել չի կարող: Ճշմարիտ քրիստոնյան նա է, ով կասկածում է, փնտրում և գտնում պատասխաններ:

— Հոգևորական լինելը մարդուն ինչ-որ արտոնություններ տալի՞ս է:

— Հոգևորական լինելը արտոնություն չէ, հոգևորական լինելը լուծ է, կամավոր խաչակրություն։ Հոգևորականը դատաստանի ժամանակ ավելի խիստ է դատվելու, քան սովորական մարդիկ։ Հոգևորականը միջնորդ է մարդու և Աստծու միջև, հաշտության միջնորդ:

— Ինչպե՞ս նմանվել Աստծուն:

— Աստված սեր է, ուստի պետք է ինքդ սեր լինես:

 

Զրուցավար՝ Հեղինե Յասոյան
Զրուցավար՝ Հեղինե Յասոյան
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ